Դիլիջանի միջազգային դպրոցում դասախոսների կազմն արդեն ընտրված է, նրանցից երկուսը հայաաստանաբնակ մանկավարժներ են:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ ապագայում Հայաստանից ավելի շատ մանկավարժներ կդասավանդեն միջազգային դպրոցում: «Համոզված եմ, որ սա հնարավորություն կտա, որ բարձրանա մանկավարժների որակավորումը, և նրանք կաշխատեն իրենց վրա:
Նման գաղափարներին պետք է կառավարությունը նպաստի, այն մեր երկրի նավթն է, գազն է, ծովն է, որը մենք չունենք, բայց մենք ունենք մարդկային ռեսուրսներ, որոնք անսպառ են: Ներկայիս կառավարությունը նման ծրագրերին աջակցելու է»,- ասաց վարչապետը լրագրողների հետ զրույցում, Դիլիջանի միջազգային դպրոց կատարած այցից հետո:
Հովիկ Աբրահամյանի խոսքով' ինքն ի սկզբանե կողմնակից է եղել դպրոցի ստեղծման գաղափարին ու Ազգային ժողովում էլ նպաստել է դրան, իր գործընկերների գետ դպրոցին տվել հարկային արտոնություններ:
Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութի տեղեկացմամբ' Դիլիջանի միջազգային դպրոցի նման դպրոցներն աշխարհում շատ չեն, իսկ տարածաշրջանում այն միակն է: «Այդքան շատ չեն Դիլիջանի դպրոցի նման դպրոցներն աշխարհում, «Քոլեջների համաշխարհային շարժում» կազմակերպությունը, որի անդամ ենք մենք, ունի ընդամենը 14 այսպիսի դպրոց:
Որոշումը գալ Հայաստան ու այստեղ դպրոց բացել, հիմնված էր այն բանի վրա, որ նման որակի կրթական հաստատություն աշխարհի այս մասում ուղղակի չկա: Իսկ ինչու հենց Հայաստանում' քանի որ այն կենտրոնական դիրք ունի, գտնվում է Արևելքի ու Արևմուտքի միջև, լավ բնություն ունի, այն լի է պատմամշակութային արժեքներով, և այն 98 ուսանողները' առաջին սերունդը 50 երկրից, մեծապես կշահեն Հայաստանում սովորելով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց տնօրենը, ով դպրոց է ղեկավարել Շրի Լանկայում, իսկ Հնդկաստանում դպրոց հիմնադրել:
«Դիլջանում լավ ընդունելության ենք արժանացել: Հատկանշական է, որ դպրոցը պետք է ինտեգրվի տեղակա կյանքին, ու մեր ուսանողները պետք է փոխադարձ կապի մեջ լինեն տեղի երիտասարդության հետ, որպեսզի կարողանան իրար հետ փորձի փոխանակում իրականացնել»,- շեշտեց Ջոն Պադըֆութը:
Անդրադառնալով դպրոցում ուսման վարձերի հարցին' դպրոցի տնօրենը նշեց, որ, չնայած հայտարարված ուսումնական վարձը շատ է, բայց ուսանողների մի մասը սովորելու է 100 տոկոս անվճար' կրթաթոշակի հիման վրա, մյուս մասն էլ 75 տոկոսանոց զեղչերով:
Նրա տեղեկացմամբ' առաջիկա երեք տարիներին դպրոցը կընդունի 100 ուսանողի, դրանից հետո այլ լրացուցիչ մասնաշենքեր կկառուցվեն, որոնք կծառայեն տարիքով ավելի փոքր աշակերտների համար: «Կարծուն եմ' լրացուցիչ կկարողանանք 90 ուսանողի էլ ընդունել»,-ասաց Ջոն Պադըֆութը:
Դպրոցի ուսումնական և վարչական մասնաշենքերը, սպորտային մասը համարյա ավարտված են, ֆուտբոլային դաշտը դեռ կառուցման փուլում է, բնակելի մասնաշենքերը նույնպես ավարտական աշխատանքների մեջ են:
Մասնաշենքերի տանիքները կանաչապատ են, այնտեղ ոչ թե սովորական խոտածածկույթ է լինելու, այլ Հայաստանի բնությանը հատուկ ծաղիկներ են աճելու. այդպես կանաչապատ է լինելու 7500 քառակուսի մետր տանիք: Պատերի վրա էլ պատվաստվել է կենդանի կանաչ, այդ պատերն էլ կոչվելու է «Կենդանի պատեր», և կներառեն 1300 քառակուսի մետր տարածք: