Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիեւի' օրերս արած հայտարարությունն այն մասին, որ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը «ադրբեջանական ներկայիս կառավարության կազմում ամենաանկարող նախարարներից մեկն է եւ պետք է հրաժարական տա», ինչպես նաեւ դեսպանների հասցեին հնչեցրած քննադատությունն, առաջացրել է հակառակ կողմի զայրույթը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, ըստ «Ազադլիգ»-ին հասած տեղեկությունների' Էլմար Մամեդյարովն ու արտոնյալ մի քանի դեսպաններ ցանկացել են անմիջապես պատասխանել պատգամավորին, սակայն, Նախագահի աշխատակազմը սաստել է նրանց եւ հասկացնել տվել, որ անհրաժեշտ է հարցը լուծել անաղմուկ:
Թերթը նշում է, որ Էլմար Մամեդյարովն ու նրա շրջապատը գտնում են, որ պատգամավորը նման հայտարարությամբ հանդես է եկել արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի գլխավորած «նախիջեւանյան կլանի» հանձնարարությամբ, որը ցանկանում է վերահսկողություն սահմանել երկրի արտաքին քաղաքականության վրա: Լուրեր են շրջանառվում, որ հակառակ կողմն այնքան է համառել, որ տեղի ունեցածը քննարկվել է իշխանության գագաթաժողովում: Նշվում է, որ «հակառակ կողմին ավելի շատ զայրացրել է Գուդրաթ Հասանգուլիեւի կողմից Էլմար Մամեդայրովին հայ գործընկերոջ' Էդվարդ Նալբանդյանի հետ համեմատելը եւ վերջինիս նախապատվություն տալը»: Էլմար Մամեդյարովն ու նրա շրջապատը հարցի քննակման ժամանակ դա գնահատել են «որպես իշխանության արտաքին քաղաքականությանը հասցված լուրջ հարված»:
Հիշեցնենք, որ Գուդրաթ Հասանգուլիեւը, մի քանի օր առաջ կոչ անելով հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից, Էլմար Մամեդյարովի հասցեին սուր արտահայտություններ էր օգտագործել: «Նրա պահվածքից բռնած մինչեւ արած հայտարարություններն ու դեսպանատները ղեկավարելու ունակությունը' ոչ մի բան տեղում չէ: Այդ մարդու արտաքինից մինչեւ նրա հայտարարությունները ոչ մեկին դուր չեն գալիս»,- ասել էր նա:
Նշելով, որ ինքն անձամբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի անձի նկատմամբ ոչ մի խնդիր չունի, Հասանգուլիեւն ասել էր. «Պարզապես ցանկանում եմ ասել' նրան կարելի է Բաքվում մի այլ աշխատանքի նշանակել: Բայց այս բնագավառում, որպես կառավարության ամենաանհաջող նախարարներից մեկը, նա պետք է փոխարինվի»:
Պատգամավորն ընդգծել էր, որ դեսպանների մեծ մասը եւս իրենց տեղում չեն գտնվում: «Մեր դեսպանների մեծ մասը եւս նախարարի պես իրենց տեղում չգտնվող մարդիկ են: Եվրոպայում մեր որոշ դեսպաններ դեսպանատների շենքերն օգտագործում են սեփական բիզնեսը ստեղծելու նպատակների համար: Նրանցից շատերն այնքան անկարող են, որ Ադրբեջանի մասին ճշմարտությունները չեն կարողանում իրենց գործունեության երկրների ոչ թե առաջատար, անգամ միջին մակարդակի մամուլում հրապարակել»,- նշել էր պատգամավորը: