Ավելի քան 6,3 միլիոն միավոր գրականություն ունեցող Հայաստանի ազգային գրադարանն այսօր համալրվեց ևս 229 միավորով: Գրադարանին գրքերը նվիրաբերել է թեհրանաբնակ Անահիտ Ազարյանը, ով ծնվել է 1955 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում: Նրա պապը ունեցել է հարուստ անձնական գրադարան, և պապի մահից հետո Անահիտի իղձն էր այն նվիրաբերել իր հայրենիքին:
«Այսօր ինձ համար մեծ երջանկություն է գտնվել այստեղ: Տարիներ շարունակ իմ երազանքն է եղել իմ պապի գրադարանի թեկուզ մի մասնիկը նվիրաբերել այնպիսի հաստատության, որտեղ միշտ բարձր կմնա իմ պապի հիշատակը, և տարիների ընթացքում ձեռք բերած գրքերն կլինեն հուսալի ձեռքերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Անահիտ Ազարյանը:
Միջոցառմանը ներկա էր նաև ազգային բարերար Ավո Հովհաննիսյանը, ում խորհրդով և օգնությամբ Անահիտ Ազարյանը կարողացավ իրագործել իր երազանքը:
«Մեզ համար մեծ պատիվ է այս նվիրատվությունն ընդունելը, քանզի յուրաքանչյուր նոր գրքի առկայությունը շատ կարևոր է գրադարանի համար: 229 միավոր գրականության մեջ կա 24 գիրք, որոնք գրադարանի պահոցում մինչ այժմ չեն եղել, իսկ 18 միավորն էլ ընդամենը մեկ օրինակ է եղել»,- ընդգծեց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը:
Գրադարանի անձնակազմն իր խորին շնորհակալությունը հայտնեց Անահիտ Ազարյանին' նվիրատվության համար, իսկ Ռաֆիկ Ղազարյանն էլ հավելեց, որ գրադարանը միշտ ուրախ է և երախտապարտ նման ազգանվեր գործերի համար:
Հայաստանի ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի հավաքածուն, 2014թ. հունվարի 1-ի դրությամբ, կազմել է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր: Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18 հազ. միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը:
Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը' «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը' «Ազդարար» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը' «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ):