Մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը։ Պատերազմին ներգրավվեցին այն ժամանակ գոյություն ունեցող 59 ինքնիշխան երկրներից 38-ը։ Հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո։
Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը։ Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը։ Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը։ Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը։
Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով։ Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը։ Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում։ Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։ Ռուսաստանը զորահավաք սկսեց։ 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային։ Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա։
Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան։ Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք՝ շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը)։ Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով։
Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ։ 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը։ Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը։ Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ։
Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը։ Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց։ Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից։ 1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային։ Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը։ Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց։
1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան։ Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային։ 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ)։ 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը։ Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար։ 1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան։ «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ։ Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի)։ Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից։ Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ։ 1916 թ-ի 2-րդ կեսին անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ (Արևմտյան ճակատ) անցան հակահարձակման և մինչև տարեվերջ ձգձգված պատերազմում հասան աննշան հաջողության։ Երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հզ. մարդ։ Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր։ 1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա-ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում՝ հօգուտ Անտանտի։
Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ։ Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց։ Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից։ Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր։ Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ։ 1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին։ Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին։ 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը։ Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր։
Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները։ Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ։ Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը։ Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը)։ 1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ։ Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր։ Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին։ Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից։
Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան։ Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։ Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ։ Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը։ Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր։