Տեխասյան Houston Chronicle (Հյուսթոնի խրոնիկա) թերթը խիստ քննադատության է ենթարկել ամերիկացի սենատորների այցը Բաքու, որը կազմակերպվել էր ադրբեջանական լոբբսիտական խմբերի միջոցների հաշվին: Վերլուծելով ԱՄՆ Կոնգրեսի 10 անդամների եւ նրանց 35 օգնականների այցը' հոդվածի հեղինակներ Ուիլ Թայքերը եւ Լիզ Օլսոնը չեն բացառում, որ խախտվել է ամերիկյան օրենսդրությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը 2013 թվականի մայիսին Բաքվի Հեյդար Ալիեւի կենտրոնում տեղի ունեցած կոնֆերանսի մասին է, որի աշխատանքին մասնակցել է նախկին սենատոր Ռիչարդ Լուգարը: Հոդվածի հեղինակները նշում են, որ միջոցառման նպատակը հանդիսացել է դեպի ամերիկյան օրենսդիրներ դուրս գալու ելք գտնելը, որպեսզի նրանց միջոցով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից բխող հնարավոր սպառնալիքներից անվտանգ դարձվի «Շահդենիզ» գազային նախագիծը:

 

«Այդ այցից երկու ամիս հետո պատժամիջոցների մասին օրենքի նախագծում հայտնվեց «Շահդենիզ» նախագիծը բացառող կետ, որը քվեարկությամբ ընդունվեց: Անհասկանալի է, ով է հովանավորել օրենքի նախագծի այդ կտրուկ փոփոխությունը, որը տեղի ունեցավ բառացիորեն վերջին րոպեին», -հոդվածում գրում են հեղինակները:

 

Տեխասյան թերթը նշում է, որ իր էներգակիրներն առանց ընդհատումների Արեւմուտք փոխադրելու համար Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հսկայական փողեր է ծախսում, որպեսզի ձեռք բերի ամերիկացի բարեկամների աջակցությունը: Օրինակ, Բաքվում կազմակերպված «ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը. հայացք ապագային» միջոցառմանը մասնակցել են ամերիկյան ընկերությունների լոբբսիտների ներկայացուցիչներ: Ամերիկյան 4 կոնգրեսականներ ԱՄՆ-ում թուրքական կազմակերպությունների հաշվին Բաքու են ժամանել իրենց կանանց եւ հարսների հետ:

 

Հոդվածում ասվում է, որ ամերիկացի կոնգրեսականների այցը Բաքու կազմակերպելու համար ադրբեջանցի լոբբիստները ակտիվորեն օգտագործել են Հյուսթոնում, Չիկագոյում, Ատլանտայում, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում թյուրքական սփյուռքային ցանցը:

 

«Բաքու մեկնած օրենսդիրները պետք է հայտնեին իրենց հովանավորների մասին», -գրում է Կոնգրեսի դիվանագիտական էթիկայի գծով փորձագետ Քեն Բոեմը:

 

Կոնգրեսականներն իրենք հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ Ադրբեջան կատարած իրենց այցի մասին: