Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և հետևել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման ընթացքին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնությ ան հետ կապերի վարչությունից, պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում:

 

Օգտվելով առիթից՝ գրադարանի տնօրենը ողջ կոլեկտիվի անունից իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար, հատկանշելով, որ այն մեծապես նպաստում է մատաղ սերնդի շրջանում ընթերցասիրության խթանմանը:

 

Գրադարանի տնօրենը նաև համոզմունք է հայտնել, որ շենքի հիմնանորոգումը իսկապես լուրջ դերակատարում կունենա նոր ընթերցասերներ ներգրավելու գործում, բացի այդ, նաև հնարավորություն կընձեռի գրադարանում առկա շուրջ 28000 կտոր գրականությունն առավել պատշաճ պայմաններում պահպանելու, ինչպես նաև նոր համալրումները տեղավորելու համար: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ գրադարանների հիմնանորոգման ծրագիրը լինելու է շարունակական՝ նպատակ ունենալով մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չունենալ չնորոգված գրադարան:

 

Քաղաքապետն այցելել է նաև Նուբարաշենի երաժշտական դպրոց, որը միակն է վարչական շրջանում: Մշակութային այս կրթօջախը ևս ընդգրկված է Երևանի 2014 թվականի հիմնանորոգման ծրագրերում: Պատասխանատուները տեղում զեկուցել են, որ ծրագրի իրականացումից հետո դպրոց հաճախող սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Զրուցելով դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի մշակութային կրթօջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական, և հետևողականորեն իրականացվելու են դրանց պայմա նների բարելավմանն ուղղված ծրագրեր: