ԴԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:
Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն:
Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության»:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրի մամուլի բաժինը երեկ հաղորդագրություն է տարածել, որում ասվում էր.
«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրինի գործողություններ է իրականացվում Մարզահամերգային համալիրի հանդեպ: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից: Այս ամենը հետևանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ 25մլն ԱՄՆ դոլարի ՄՀՀ-ին փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու»: