Ադրբեջանում 200 հազար մանաթով «վաճառքի է հանվել» «Ազգային ազատագրություն» կուսակցությունը, որի առաջնորդը 2008 թվականից Վյուգար Բայթուրանն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azinform.az-ին հայտնել է Վյուգար Բայթուրանի վաղեմի զինակիցներից մեկը: Նրա խոսքով' այս մասին իրեն անձամբ հայտնել է Բաթուրանը:

 

«Ես լսել էի, որ Վյուգար Բայթուրանը մտադիր է վաճառել կուսակցությունը: Մի հոգի էլ ցանկանում էր գնել պետական գրանցում անցած կուսակցություն: Բայց ինձ ասել էին, որ կուսակցության նախնական գինը 100 հազար մանաթ է: Կապվեցի Վյուգարի հետ: Նա ասաց, որ կուսակցությունը վաճառում է ոչ թե 100, այլ 200 հազար մանաթով»,- հայտնել է Վյուգարի վաղեմի զինակիցը:

 

«Ազգային ազատագրություն» կուսակցությունը հիմնադրվել է 1989 թվականին: Նրա առաջնորդը մինչեւ 2008 թվականը Մահամեդ Հաթամին էր:

 

Կայքը հայտնում է, որ Ադրբեջանում քաղաքական կուսակցությունը «աճուրդով» վաճառելու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: «Ադրբեջանի քաղաքականության մեջ նման դեպքեր շատ են եղել: Օրինակ' խորհրդարանում ներկայացված «Ումիդ» կուսակցությունը եւս ժամանակին էժան գներով գնվել է Իգբալ Աղազադեի կողմից: Այնպես որ, սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե այդ կուսակցությունը հիմնադրել է Իգբալ Աղազադեն»,- նշում է կայքը: