Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շահագրգիռ գերատեսչությունների և շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է բերքահավաքի ընթացքի և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բերքահավաքի արդյունքների վերաբերյալ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի ամփոփ տեղեկատվության համաձայն' հանրապետությունում հնձվել է մոտ 49 հազար հա հացահատիկային մշակաբույսերի հողատարածք, միջին բերքատվությունը կազմել է մոտ 11 ցենտներ' նախորդ տարվա շուրջ 17 ցենտների դիմաց:

 

Ցածր բերքատվությունը, նախարարի գնահատմամբ, պայմանավորված է հիմնականում եղանակային խիստ անբարենպաստ պայմաններով: Կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին ցուցաբերվելու է համապատասխան աջակցություն. հստակեցվում են օժանդակության ծավալներն ու տեսակը:

 

Ամփոփելով գալիք աշնանացանի աշխատանքներին օժանդակելու շրջվարչակազմերի ղեկավարների առաջարկությունները' վարչապետը նշել է, որ պետությունն ընդառաջելու է պարտավորություններ ունեցող հողամշակներին' մինչև 5-7 տարով երկարաձգելով վարկերի մարումը, իսկ վնաս կրած հողօգտագործողները մեկ տարով կազատվեն հողի հարկից և վարձավճարներից:

 

Քանի որ հստակ ցանքաշրջանառություն չի իրականացվում, կառավարության ղեկավարի առաջարկությամբ, շատ հողատարածքներ կթողնվեն սև ցելի տակ, կավելացվեն կերային խոտաբույսերի ցանքատարածությունները: Հողօգտագործողներին կտր ամադրվի էժան դիզվառելիք' համապատասխան աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով: Քննարկվել են նաև սերմացուի ձեռքբերման և հողամշակներին տրամադրելու պայմանները:

 

Աշնանացանի նախապատրաստական աշխատանքների և քննարկված այլ հարցերի վերաբերյալ գործադիր իշխանության առաջարկությունները կամփոփվեն Նախագահի մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում: