Սահմանին ներկա դրությամբ իրավիճակը հանգիստ է եւ ԼՂՀ պաշտպանության բանակի զինված ուժերը վերահսկում են սահմանի անվտանգությունը: Հակառակորդը հերթական փորձությունից բազմաթիվ զոհեր եւ կորուստներ տալուց հետո լռել է:
ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշում է, որ թեպետ թշնամուն լռեցնելու միակ տարբերակը ուժգին հակահարվածի կիրառումն է, այնուամենայնիվ,թե' հայկական, թե' արցախյան կողմերը երբեք կողմնակից չեն եղել ուժային տարբերակով հարցի կարգավորմանը: «Դա հարցի լուծում չէ, սակայն չի նշանակում, որ մենք պատրաստ չենք համապատասխան ագրեսիան կանխարգելել եւ համապատասխան հակահարված տալ եւ դա երեւաց երեկ, երբ դիվերսիոն հարձակման ժամանակ հակառակորդը բազմաթիվ զոհեր տվեց:
Սակայն մենք չենք կարծում, որ այդ տարբերակը ճիշտ լուծում է: Մենք մնում ենք այն տեսակետին, որ հարցերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով' բանակցությունների արդյունքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցո ւմ ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, Բաբայանն ասաց, որ ՄԽ-ն որեւէ պատասխանատվություն չի կրում լարվածության համար, քանի որ Ադրբեջանն է խախտում պայմանավորվածությունները: «ԵԱՀԿ ՄԽ-ն մեծ աշխատանք է կատարում խաղաղությունը պահպանելու համար:
Նրանք, կարծես, Ադրբեջանի ձեռքում պատանդ լինեն: Մինսկի խումբն ամեն ինչ անում է, որ խաղաղություն պահպանվի, բայց կողմերից մեկը դրսեւորում է վառ արտահայտված նացիստական-ֆաշիստական քաղաքականություն եւ խախտում բոլոր պայամանավորվածությունները: Թե' ԵԱՀԿ ՄԽ-ն, թե' դիտորդական խումբը շատ վատ վիճակում են: Նրանք ցանկանում են պահպանել խաղաղությունը, բայց, միաժամանակ, չեն ցանկանում սադրանքների ենթարկվել Ադրբեջանի կողմից»,- ասաց Բաբայանը' խորհուրդ տալով հրապարակային հայտարարությունների վերաբերյալ որոշակի վերապահումներ ունենալ:
Նա համոզված է, որ հանդիպումների ժամանակ համանախագահները բարձրացնում են սահմանային միջադեպերի հարցը: «Սակայն նրանք էլ են հասկանում, որ գործ ունեն աննորմալ պետության հետ, ի դեմս Ադրբեջանի, եւ նրանց համար նույնպես դժվար է: Այս պարագայում հակառակորդին լռեցնելու միակ տարբերակը ուժգին հակահարվածն է»- շեշտեց Բաբայանը:
Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության' հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ' Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն:
Ներկայում ադրբեջանական կողմից հարձակման ենթարկված տարածքն ամբողջությամբ գտնվում է Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում' հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական միջոցներ: Դիվերսիոն գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը հայտարարել է 9 զոհի մասին, սակայն տեղեկություններ կան 14 զոհի մասին: