Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների Սենատի որոշումը' օգոստոսյան արձակուրդ գնալ առանց Թուրքիայում ԱՄՆ դեսպան հաստատելու: Հայ դատը նշում է, որ սա ԱՄՆ սենատորներին և քաղաքացիներին հնարավորություն կտա վերանայել Ջոն Բասի թեկնածությունը այդ պաշտոնում, ինչպես նաև' գնալով վատթարացող թուրք-ամերիկայն հարաբերությունները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Բասի' ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու լսումները ամենաշուտը կլինեն սեպտեմբերի ութին: «Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ սենատորներին և քաղաքացիներին լրացուցիչ ժամանակ է տրվել մանրամասն ուսումնասիրել Բասի մտահոգիչ հայտարարությունները»,- նշել է Արամ Համփարյանը:

 

Հուլիսի 29-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Հայ դատի հանձնախումբը մի շարք սենատորների միջոցով հարցեր էր ուղղել Ջոն Բասին' ամեիկահայերին հուզող մի շարք խնդիրների շուրջ: Իր ելույթում դիվանագետը խուսափել էր օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածները ցեղասպանություն բնութագրել և փոխարենը, կիրառելով «ընդհանուր պատմություն» որակավորումը, գովաբանել թուրք վարչապետ Էրդողանի ապրիլիքսաներեքյան «ցավակցական» ուղերձը հայ ժողովրդին: