ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեսն իր խորը մտահոգությունն է հայտնել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին կորուստների պատճառ դարձած վերջին բռնությունների կապակցությամբ և կոչ արել հակամարտության կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խաղաղ կարգավորման համար ուղիների փնտրելու գործում:
«Անվտանգության վատթարացող պայմանները, ինչպես նաև իրավիճակի սրացումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ,
վերստին ցույց են տալիս, որ աշխարհը չի կարող ընդունել քսան տարուց ավելի սառեցված հակամարտությունները: Բոլոր կողմերը պետք է զերծ մնան բռնություններից և սադրանքներից' հատկապես քաղաքացիական անձանց դեմ և անհապաղ վերստին հանձն առնեն տևական դիվանագիտական կարգավորմանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է դա սկսեն այս շաբաթ Սոչիում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Սուարեսը:
ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան հավելել է, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ-ն պետք է նոր տեսանկյունից դիտարկենհակամարտության կարգավորման ջանքերը և նոր գաղափարներ ու մեխանիզմներ մշակեն դրա իրականացման համար:
Անդրադառնալով հայկական պատվիրակության մասնակցությանը Խորհրդարանական վեհաժողովի 2014 թվականի ամենամյա նստաշրջանին, որ անցկացվեց Բաքվում' ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին խթանել խորհրդարանական և այլ տեսակի շփումները երկու կառավարությունների և հասարակությունների միջև: