Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հերթական պետական պաշտոնյան է, որ հիմարություններ է դուրս տվել: Այս բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ մի ելույթում թուրք կանանց քարոզել է բարոյականության իր այլասերված տարբերակը' կոչ անելով նրանց չծիծաղել հանրության առջև... Առընչը զգուշացրել է. «Կինը պետք է իմանա, թե ինչն է հարամ (արգելված) և ինչը' ոչ հարամ:

 

Նա բարձր ձայնով չի ծիծաղի հանրության առջև: Կինն իրեն զուսպ կպահի, ուշադրություն չի գրավի և կպահպանի իր կուսությունը»:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում անդրադարձել է Առընչի ծիծաղելի վարքին. «Արմենպրես»-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ:

 

«Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիր Առընչը շարունակել է իր մոլեռանդ քարոզները. «Ո՞ւր են մեր աղջիկները, որոնք թեթևակի շիկնում են, կախում իրենց գլուխները և թեքում հայացքները, երբ մենք նայում ենք նրանց դեմքին՝ դառնալով ողջախոհության խորհրդանիշ»: Նա ծաղրել է կանանց' բջջային հեռախոսով կերակուր եփելու և այլ «դատարկ բաների» մասին շաղակրատելու համար: Նմանակելով կանացի ձայնին' նա ծվծվացել է. «Ի՞նչ է պատահել Այշայի դստերը: Ե՞րբ է հարսանիքը»: Առընչը կանանց խորհուրդ է տվել նման անկարևոր հարցերի շուրջ խոսել «դեմառդեմ», այլ ոչ թե' հեռախոսով…

 

Փոխվարչապետի նվաստացուցիչ ելույթը տարածվել է կայծակնային արագությամբ: Ի հեճուկս նրան՝ տասնյակ հազարավոր թուրք կանայք սոցիալական ցանցերում (Թվիթեր, Ֆեյսբուք և Ինստագրամ) տեղադրել են իրենց քրքջացող դեմքերով «սելֆիները»: Իրենց ծիծաղը դադարեցնելու փոխարեն կանայք ծիծաղել են… փոխվարչապետի վրա:

 

Առընչի արտառոց արտահայտություններին արձագանքել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում' «Հյուրիյեթը», «Գարդիանը», «ԷյԲիՍի նյուզը», «Դեյլի սթարը», «Նեյշընալ փոստը», «Վաշինգտոն փոստը», «Թայմ» ամսագիրը, «Նյուսուիքը», «Ավստրալիանը» և հարյուրավոր թերթեր, ամսագրեր, ռադիո ու հեռուստակայաններ, բլոգներ ու կայքեր: Մի խոսքով' Թուրքիայի փոխվարչապետը ծաղրուծանակի առարկա է դարձել ամբողջ աշխարհում...

 

Հաջորդ օրը, կանանց վարկաբեկող իր ելույթի համար ներողություն խնդրելու փոխարեն, Առընչը էլ ավելի է վատթարացրել իրավիճակը' պնդելով, որ իր խոսքերի տերն է և հարձակվել է քննադատների վրա: Նա զարմացել է, թե ինչու են բոլորը ուշադրությունը կենտրոնացրել իր մեկուկես ժամանոց ելույթի միայն այդ փոքր հատվածի վրա: Այնուհետև նա սկսել է ծաղրել հայտնի կանանց. «Կան դերասանուհիներ, որոնք կեղծ ծիծաղում են և իրենց լուսանկարները ուղարկում ինձ:

 

Իսկական ծիծաղը թեթևացնում է մարդուն, սակայն նրանց ծիծաղը շինծու է: Դուք բոլորդ էլ ունեցել եք ձեր աստեղային ժամը, սակ այն այժմ, երբ այն անցել է, փորձում եք ուշադրություն գրավել ալկոհոլի և նման կեղծ քրքիջների միջոցով: Թեև լինելով ամուսնացած և երեխաների տեր' կանայք արձակուրդն անցկացնում են տղամարդկանց հետ' լքելով ամուսիններին, և երբեք առիթը բաց չեն թողնում' մերկ պարելու»:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ թուրք պաշտոնյաներն աչքի են ընկնում նման հիմար հայտարարություններով: Նախկինում Առընչը հայտարարել էր, որ բռնաբարության զոհը երևի թե «ցանկացել է այն»: Նա նաև ասել է, որ ընդունելի է, երբ ծնողները հավանություն են տալիս, որպեսզի իրենց 15-ամյա դուստրն ամուսնանա 45-ամյա տղամարդու հետ: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, դատապարտելով արհեստական վիժումները, անամոթաբար հայտարարել է. «Ինչո՞ւ պետք է երեխան մահանա, եթե նրա մորը բռնաբարել են: Նրա փոխարեն պետք է մայրը մեռնի»:

 

Իսկ Անտառային տնտեսության նախարարն ասել է աշ խատանք փնտրող կանանց. «Մի՞թե տնային աշխատանքը բավարար չէ ձեզ համար»: Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Էգեմեն Բաղիշը, որը հաճախ անhեթեթ հայտարարություններ է անում, ասել է. «Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, չի կարող համարվել ցեղասպանություն, որքան ինձ հայտնի է, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին»:

 

Կանանց քրքիջի համար անհանգստանալու փոխարեն փոխվարչապետ Առընչը և վարչապետ Էրդողանը պետք է ավելի մտահոգվեն իրենց կառավարության գահավիժմամբ դեպի բռնապետական կառավարում՝ լրագրողներին բանտարկելու, քրիստոնյա քահանաներին սպանելու, փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու, ջիհադականներին Սիրիայում և Իրաքում աջակցելու, ինչպես նաև' կոռուպցիայով, թալանով ու դրամաշորթությամբ զբաղված լինելու պատճառով: Սա է իսկական անբարոյականությունը, որն Առընչը պետք է դատապարտի:

 

Պահպանողական թուրք պաշտոնատարը, կանանց համար տոտալիտար բարոյականություն քարոզելով, խրախուսում է իսլամիստ ընտրողներին' աջակցել վարչապետ Էրդողանին, որն իր թեկնածությունն է առաջադրել օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

 

Առընչի քարեդարյա ռազմավարությունը հակառակ արդյունքը տվեց, քանզի Թուրքիայի խիստ պառակտված հասարակության գրեթե կեսն իրեն չի համարում իսլամիստ և վիրավորված է նրա արտահայտություններից: Նախագահական ընտրություններում Էրդողանի հակառակորդ Էքմելեդին Իհսանօղլուն խիստ քննադատել է Առընչի հայտարարությու նը, ասելով, որ «Ամենից շատ մեր երկրին անհրաժեշտ է, որ կանայք ժպտան և լսվի նրանց ծիծաղի ձայնը ...»:

 

Էրդողանի կառավարությունն արագ թափով իշխանության գալուց հետո դաժան քաղաքականություն է վարել երկրի ներսում և դրսում՝ առաջ բերելով Թուրքիայի միջազգային դատապարտումը: Որպես հաջորդ հավանական նախագահ' Էրդողանը և նրա շրջապատը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն վարկաբեկել Թուրքիայի միջազգային հեղինակությունը՝ այն վերածելով խայտառակված պետության:

 

Նախագահական ընտրություններից հետո Թուրքիայի իսլամիստ կանայք միայն թաքուն կծիծաղեն, իսկ աշխարհիկ կանայք հանրության առջև ծիծաղելով' վտանգի կենթարկեն իրենց' ստանալու մտրակի 100 հարված... 

 


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի