Հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հայ դիրքապահների դեմ անընդհատ իրագործած դիվերսիոն գործողություններում անհաջողության մատնված եւ մեծ թվով զինծառայողներ կորցրած Ադրբեջանի զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւը վերջապես դուրս է եկել ամոթալի շոկից եւ այցելել Գուզանլը, որն ադրբեջանցիները համարում են նախկին Աղդամի շրջկենտրոն' հանդիպելու այնտեղ տեղակայված «հերոս» զորամասերի անձն ակազմի հետ եւ քաջալերելու նրանց:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանակում մեկ օր անգամ չծառայած' տարօրինակ ուսադիրներով զինվորական հագուստով Ալիեւը, ում հրամանով կատարված դիվերսիաների ժամանակ ադրբեջանցի զինծառայողները խայտառակ պարտություն կրեցին, ոչ ավել ոչ պակաս հայտարարել է, որ «Ադրբեջանն այսօր ունակ է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում ցանկացած օբյեկտ, եւ միայն Բաքվի կողմից անցկացվող քաղաքականության շնորհիվ է, որ տարածաշրջանում դեռեւս խաղաղություն է պահպանվում» (virtualaz.org): Պարտված զինվորների առաջ ելույթում Ալիեւը կրկնել է 20 տարի շարունակ ինչ-որ հողեր «ազատագրելու» մասին Բաքվի կողմից հնչեցվող հռետորաբանությունը, ծեծված արտահայտություններ արել եւ ասել, թե «ադրբեջանցի զինվորի հայրենասիրական զգացմունքը գտնվում է բարձր մակարդակի վրա»:

 

Ալիեւը կրկին խոսել է իր բանակի համար ձեռք բերած արդիական զինտեխնիկայի եւ սպառազինության մասին, որի մի մասը, ինչպես ամբողջ աշխարհը տեսավ, վերջին օրերի իրադարձություններում հայտնվեց հայ զինվորների ձեռքում:

 

Ալիեւի այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սեփական հանրությանը հիմարացնելու ճանապարհով տարածաշրջանի «ամենահզոր» հորջորջվող սեփական բանակի անճարակությունը պարտակելու փորձ:

 

Ակնհայտ է, որ Սոչի մեկնելուց առաջ նախաձեռնած դիվերսիոն գործողություններով, որոնցում նա հույս ուներ հաջողություն գրանցել, Ալիեւը փորձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպմանը մեկնել հաղթողի կերպարանքով, սակայն, հայկական ուժերի արժանի պատասխանի արդյունքում տապալվել է: Սոչիում Ալիեւը ստիպված է լինելու բանակցություններ վարել դարձյալ պարտվողի դիրքերից: Ղարաբաղյան ճակատում վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն ի վիճակի չէ իր այդ խայտառակ բանակով Ղարաբաղը վերադարձնել ռա զմական ճանապարհով:

 

Ի դեպ, Ակներ (Աղդամ) կատարած այցի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների բերած բոլոր լուսանկարներում Ալիեւը դեմքի արտահայտությունը սարսափած եւ ընկճված է: