Ազգային ժողովի դռնբաց նիստերը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների դռնբաց նիստերը, խորհրդարանական լսումներն ուղիղ եթերով առցանց կհեռարձակվեն Ազգային ժողովի ինտերնետային կայքում: ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարարը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը' նշելով, որ այն նպաստելու է ԱԺ-ի թափանցիկ աշխատանքին:

 

«Օրինագծի հեղինակը հիմնավորում է, որ օրենքի փոփոխության առաջարկվող նախագիծը կնպաստի ՀՀ ազգային ժողովի մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների գործունեության առավել հրապարակային լուսաբանմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի մշտական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ Ազգային ժողովի աշխատանքները դարձնելով առավել թափանցիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

 

Օրենքի նախագծի շնորհիվ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան հետևել ԱԺ հանձնաժողովների աշխատանքային գործունեությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակումն օգտակար է տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող մյուս պատգամավորների համար ևս, ովքեր հնարավորություն կստանան ՀՀ ԱԺ քառօրյա նիստերի գումարումից առաջ օնլայն հետևել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին, ինչն էլ իր հերթին կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել այս կամ այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս:

 

Նախագծի նպատակն է նպաստել հասարակության կողմից ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ հասարակական վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակմամբ հնարավորություն է ստեղծվում նաև առավել օբյեկտիվ գնահատել ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորն երի գործունեությունը: