ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տված ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ Հայաստանը կարող է դիմակայել Ադրբեջանի յուրաքանչյուր գործողությանը: Փոխնախարարը չի բացառել, որ լայնածավալ գործողությունների դեպքում Ադրբեջանը կդիմի իր ունեցած բոլոր հնարավորություններին, Հայաստանն էլ կդիմի համապատասխա ն քայլերի' վնասազերծելու հակառակորդին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, Դավիթ Տոնոյանն ասել է, որ շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ նախնական քննարկում անգամ չի եղել: «Հայկական զինված ուժերն ինքնուրույն ու հաջողությամբ կարողանում են կատարել այդ գործը։ Երրորդ ուժի տեղակայման հարց չենք դիտարկում ոչ Ռուսաստանի, ոչ էլ որևէ այլ երկրի կամ կազմակերպության հետ։ Բացի այդ, խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է միայն խաղաղության ինչ-որ մի համաձայնագրի կ նքումից հետո»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Միջազգային համայնքից սպասելիքների մասին խոսելիս փոխնախարարն ասել է, որ գիտակցելով Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, միջազգային համայնքը պիտի գտնի Ադրբեջանի վրա ազդելու լծակներ՝ կասեցնելու նրա այս վարքագիծը. «Հակառակ դեպքում կսկսվեն արյունալի զարգացումներ տարածաշրջանում»:
Փոխնախարարը շեշտել է, որ Հայաստանը շարունակելու է պահպանել ռազմական բնագավառում հավասարակշռությունը, իսկ Հայաստանը Ռուսաստանից այդ նպատակով ձեռք է բերում ժամանակակից այնքան զենք, որքան հարկավոր է ադրբեջանցիներին կասեցնելու համար։ «Ու դա անելու ենք, զինվելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարևանը գա դարձի», - եզրափակել է նա: