Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիմնանորոգումը կմեկնարկի 2017 թվականին և կավարտվի 6 ամսում, ինչը հնարավորություն կտա շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը: Այս մասին «Երևան ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, 300 մլն դոլար ֆինանսավորման շուրջ Հայաստանի և Ռուսաստանի պայմանավորվածությունը ուժի մեջ է, որը վերահաստատվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: «Վերջերս ՀՀ նախագահը Սոչի կատարած այցի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ մեկ անգամ ևս քննարկեց այդ հարցը: Այստեղ առայժմ որևէ խնդիր չի առաջացել, և պայմանագրերը քննարկման փուլում են: Մոտակա ժամանակներս կլուծվի այդ 300 մլն դոլարի հարցը, որն անհրաժեշտ է հիմնանորոգման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

 

Նա վստահեցրեց, որ հիմնանորոգման այս աշխատանքները չեն նշանակում, թե նոր էներգաբլոկ չի կառուցվելու: «Մենք պետք է մինչև 2026 թվականը լուծենք նոր էներգաբլոկի կառուցման հարցը: Դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 4,5 - 4,9 մլրդ դոլար: Ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն, որ իրենք տրամադրեն ներդրումների մոտավորապես 35 տոկոսը, մնացած ֆինանսավորումը մենք պետք է կարողանանք լուծել Կառավարության և նախարարության ուժերով»,- ասաց նախարարը:

 

Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 1970-ին: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվել է, բայց 1995-ին կրկին վերագործարկվել: