«Լիարժեք կյանք » բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն 5-րդ տարին անընդմեջ նախաձեռնում է ներառական ճամբարներ' 10-16 տարեկան հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ճամբարի կազմակերպիչները, «Ամառային ներառակա ն ճամբար 2014»-ը կգործի 4 հերթափոխով' յուրաքանչյուրը 7 օր տևողությամբ (օգոստոսի 1- 30-ը): Պատանի ճամբարականները Հայաստանի տարբեր քաղաքներից են' շուրջ 200 երեխաներ: Նրանց մեծ մասը' ավելի քանի 100-ը, հաշմանդամություն ունեցող երեխաներն են, իսկ մնացածը' սոցիալապես անապահով ընտանիքներից:

 

Այս տարի ևս երեխաները կընդունեն բազմաթիվ հյուրերի և ականատեսը կլինեն հիշարժան միջոցառումների։ Օգոստոսի 10-ին, նրանց կհյուընկալվեն «ՎՏԲ –Հայաստան Բանկի» ներկայացուցիչները՝ տնօրինության նախագահ Յուրի Գուսեվի գլխավորությամբ։ Նրանք երեխաներին կպարգևեն տոնական հանդես՝ ծաղրածուների, աճպարարի, մուլտհերոսների մասնակցությամբ, կնվիրեն գրքեր, զարգացնող խաղեր և խաղալիքներ:

 

Միջոցառմանը ներկա կգտնվեն նաև մարզային ու տեղական իշխանությունների, աջակից կառույցների, ինչպես նաև «Լիարժեք կյանք» ԲՀԿ գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԶԼՄ–ներ։ Այս միջոցառումը կնշանավորի նաև ներառական ճամբարի հոբելյանական 5–րդ շրջանի բացումը։ Հոբելյանական շրջանի ընթացքում երեխաներին հյուր կգան նաև բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ–ում Լիտվայի և ԱՄՆ դեսպանատներից, ինչպես նաև աջակցող մյուս կառույցներից։

 

«Ներառական ճամբար 2014»-ը առանձնանում է նրանով, որ հերթափոխերից մեկը լինելու է ներառական քաղաքացիական ճամբար' 16-18 տարեկան պատանիների համար, որի ֆինանսական աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և Ջինիշյան հիշատակի հիմնադրամը: «Ամառային ներառական ճամբար-2014» - ի ֆինանսական աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը , ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, «Վալլեքս» խումբը և Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչը։