Հայաստանում ավանդույթ կա. եթե պապան լավ գործի է, տղայի ճակատագիրը որոշված է՝ պապայի լավ տղան չի կարող լավ գործի չլինել: Եվ բնականաբար, ինչքան պապան ավելի լավ գործի է, այնքան տղայի ճակատագիրն էլ ավելի լավ է դասավորվում: Հենց այս ավանդույթի շրջանակներում էլ հարց լուծող պապաները հաջողեցնում են միանգամից մի քանի զավակի հարց լուծել:
Բնական է, որ նման հայրերն ու որդիները (խոսքը այս դեպքում հենց ամենաբարձրաստիճան հայրերի ու որդիների մասին է) հաճախակի հանդիպում են հենց ի պաշտոնե: Բարձրաստիճան հայրերի ու որդիների' նման հանդիպման վայրերը հիմնականում խորհրդարանն ու կառավարությունն են: Բնական է, որ պաշտոնական շփումների շրջանակում այս հայրերն ու որդիները չեն կարող գոնե մի փոքր չշեղվել և չվայելել զուտ անձնական շփման բերկրանքը: Օրինակ, եթե Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը գալիս է Ազգային ժողով իր ղեկավարած գերատեսչության ինչ-որ հարց ներկայացնելու, չի կարող շրջանցել հոր՝ Գալուստ Սահակյանի կաբինետն ու գոնե մի քանի րոպեով չմտնել ու չտեսնել, թե պապան կամ քեռին՝ Աշոտ Աղաբաբյանը, ոնց է, ի՞նչ կա-չկա: Նույնը վերաբերում է նաև Սահակյանի մյուս փոխնախարար որդիներին:
Այսօր կառավարության շենքում Հայաստանի բարձրաստիճան հայրեր-որդիներ թեմայով ներկայացման հերթը Դումանյան ընտանիքինն էր: Նիստի ավարտից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ու որդին՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն այնպես էին իջնում աստիճաններով, այնպիսի հրճվանք էր դրոշմված երկուսի դեմքերին, թե՝ տեսեք, ի՜նչ զույգ ենք ՝ «պապաս ու ես» կամ «տղես ու ես», որ ակամայից անգամ լրագրողները հուզվեցին, իսկ՝ «փաստորեն, ընտանիքով՝ հայր ու տղա եք գալիս կառավարություն» ռեպլիկից Դերենիկ Դումանյանը շփոթվեց ու չկարողացավ բան ասել՝ «դեեե՜»-ից բացի:
Իհարկե, ոչ մեկ դեմ չէ, որ բացառիկ ընդունակություններ ունեցող պապայի բացառիկ ընդունակություններ ունեցող զավակը ևս բացառիկ դիրքի հասնի: Բացառիկի դեպքում որևէ մեկը որևէ բան չէր էլ ասի: Բայց երբ բացառիկների փոխարեն չորս կողմն ընդամենը խիստ կասկածելի հանգամանքներում խիստ կասկածելի ընդունակությունների առկայությամբ իշխանական լծակների զավթում է... Իսկ պապաներ ու քեռիներ չունեցող բացառիկները, որպես կանոն, մնում են լուսանցքում՝ տարիներ շարունակ անգամ բացառիկ ընդունակություններ դրսևորելու դեպքում էլ ոչ մի բանի չհասնելով ու շարունակելով շարքային գոյությունը: Իսկ ներկա բարձրաստիճան, նախկին շարքային և ոչ մի պապա այդպես էլ չի հպարտանում, ասենք, իր լավ մանկավարժ կամ լավ արհեստավոր զավակով. «պապաների» որդիները մեզ մոտ անպայման պատգամավորներ ու նախարարներ են, ամենաքիչը՝ փոխնախարար կամ քաղաքապետ:
Լուսինե Կեսոյան