Սոչիում կայացած եռակողմ հանիպումը կարևոր նշանակություն ունի, քանզի այն հաջորդել է այնպիսի զարգացումների, որոնք խիստ մտահոգիչ էին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Արցախում առանցքային են համարում հանգամանքը, որ հանդիպան ընթաքում, որպես խնդրի լուծման միակ տարբերակ շեշտվել է բացառապես խաղաղ ճանապարհը: «Մենք կարևորում ենք այս հանդիպումը, քանի որ զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը երբեք այդքան կպտորեն չէր խախտել հրադադարի ռեժիմը, որքան դա արեց վերջին շրջանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: ԼՂՀ ղեկավարի խոսնակը համարում է, որ Սոչիում նախագահների հանդիպման ամենակարևոր ուղերձն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչի անհրաժեշտությունը շեշտվեց նաև Ռուսաստանի կողմից: «Եվ կարևոր է, որ Ռուսաստանն էլ դա կրկնեց' ցույց տալով շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: Կարծում եմ, որ համանախագահող մյուս երկրներն էլ շահագրգռված են, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց Բաբայանը:

 

«Բնական է, որ այդ խաղաղ կարգավորումը պիտի լինի փոխզիջումային: Սակայն սա պետք է լինի ոչ միանշանակ զիջումներ, ինչը մշտապես պահանջում է Ադրբեջանը: Բնական է, որ այս ամենը թույլ է տալիս ակնկալել, որ գործընթացը շարունակվում է»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

 

Սոչիում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին: