Էրդողանի' Թուրքիայի 12-րդ նախագահի պաշտոնում ընտրվելն իր համար հաղթանակ է, իսկ Թուրքիայի համար' պարտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24.com.tr լրատվամիջոցը, այս մասին իր հոդվածում գրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած հայտնի թուրք մտավորական Հասան Ջեմալը:

 

Նա ներկայացրել է 50 պատճառ, թե ինչու Էրդողանը չի կարող զբաղեցնել երկրի ղեկավարի աթոռը: Հոդվածագիրը նախ ընդգծել է, որ Էրդողանը մշտապես արհամարհում է խոսքի և մամուլի ազատությունը: Որպես ասվածի ապացույց նա հիշեցնում է, թե ինչպես է արդեն նախկին վարչապետը սպառնալիքներ հնչեցրել տարբեր լրագրողների հասցեին, գրաքննության ենթարկել հեռուստատեսային ծրագրերը, փակել տվել Twitter-ը և YouTube-ը, սոցիալական մեդիան հայտարարել է «գլխացավանք», արել է ամեն բան «համացանցի լեզուն կտրելու համար, իսկ իր պես չմտածողներին հայտարարել է հայրենիքի դավաճան»: Հ ասան Ջեմալը նշում է, որ նման պահվածքով Էրդողանը ցույց է տվել իր ատելությունն անկախ լրատվամիջոցների նկատմամբ:

 

Հոդվածագիրը նշում է նաև, որ իր գործունեության արդյունքում Էրդողանն ի չիք է դարձրել արդարադատության անկախությունը և արհամարհել է գործադիր, օրենսդիր և դատական համակարգերի տարանջատման սկզբունքը:

 

Անդրադառնալով հայերի, զազաների, ալևիների նկատմամբ արած ռասիստական արտահայտություններին' Ջեմալը փաստում է, որ նորընտիր նախագահը մշտապես բևեռացրել է թուրքական հասարակությունը, սերմանել է ատելություն, խտրականություն, ռասիզմ: Մտավորականն իր հոդվածն ավարտել է այն եզրահանգմամբ, որ նախագահական այս ընտրությունները Թուրքիայի համար դեռ ծանր հետևանքներ են ունենալու, քանի որ երկիրն այդպիսով մուտք է գործում ծանր անիրավությունների մի շրջան: