Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 9 սմ-ով, որը պայմանավորված է տարվա ընթացքում ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի պաշարներով: Ներկայում լճից բաց է թողնվել մոտ 130 հազար մետր խորանարդ ջուր, որը մինչ տարեվերջ կհասնի 270 խմ-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց Բնապահպանության նախարար Արմայիս Գրիգորյանը:
Նրա խոսքով' պետք է աշխատանքներ տարվեն ջրի մակարդակի բարձրացման ուղղությամբ: «Նախատեսված ծրագրով մինչև 2030 թվականը Սևանի մակարդակը պետք է բարձրացվի մինչև 1903,5 մետրի: Սակայն պետք է նշեմ, որ ոռոգման նպատակով Սևանից բաց թողնված ջրի հետևանքով այս տարի ունենք 9 սմ պակասորդ: Այդ պակասորդը կփորձենք համալրել, երբ ավարտվի ոռոգման սեզոնը և հաջորդ տարիներին քայլ առ քայլ կբարձրացնենք լճի մակարդակը: Ներկայումս մենք 1 մետրով առաջ ենք անցել ծրագրից, այսինքն' ծրագրով նախատեսված ժամանակացույցից առաջ ենք»,- ասաց նախարարը:
Խոսելով Սևանա լճի հանրային լողափերի մասին' նախարարը նշոց, որ մինչ օրս լճում կատարվել է 35 հա տարածքի մաքրման աշխատանքներ: «Սևանի ափամերձ հատվածում գործում է 11 հանրային լողափ' 32.6 հա տարածքով: Երեք հանրային լողափում լիարժեք մատուցվում են բոլոր ծառայությունները, և ներկայումս աշխատանքներ են տարվում ևս մեկ լողափի ստեղծման ուղղությամբ: Հասկանում ենք, որ լողափերը քիչ են, սակայն դա պայմանավորված է ֆինանսական վիճակով: Առաջիկայում տնտեսումներ կունենանք և հաջորդ տարիներին մենք անպայման կավելացնենք հանրային լողափերի քանակը»,- ասաց նախարարը:
ՀՀ կառավարության հունվարի 30-ի որոշմամբ սահմանվել էր, որ Սևանա լճից առավելագույն բացթողումը նախատեսվում է ավելացնել' ներկա 170 մլն խորանարդ մետրից հասցնելով տարեկան 240 մլն խորանարդ մետրի։ Որոշումը պայմանավորված էր հանրապետությունում ջրային պաշարների նվազմամբ և Արարատյան դաշտի սակավաջրությամբ: