յումրիում կանաչապատման աշխատանքներ են իրականացվում' չնայած ոռոգման ցանցի բացակայությանը: Քաղաքի ոչ այնքան հարուստ բուսական ծածկույթը մի փոքր տեսքի բերելու համար քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժինն աշխատանքներ է տանում, բայց, դրան զուգահեռ, նաև աշխատանքեր են տարվում ոռոգման խնդիրը լուծելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի խորհրդական Արտուշ Մովսիսյանը, ամեն տարի՝ հիմնականում գարնանը, կատարվում է ծառատունկ: «Սակայն միայն ծառ ու ծաղիկ տնկելով չէ, այդ ամենը պետք է նաև խնամել: Այդ առումով այս տարի սկսել ենք քաղաքի հին ոռոգման համակարգի հայտնաբերման և վերականգնման աշխատանքները: Այս պահին, ճիշտ է, քաղաքի շատ փոքր հատված ունի ոռոգման համակարգ՝ հիմնականում՝ «Հայուհու» հրապարակում, բայց, զուգահեռաբար, աշխատանքները շարունակվում են»,-նշեց Արտուշ Մովսիսյանը՝ տեղեկացնելով նա և, որ եթե մինչ այս կատարված աշխատանքերի համար գումարներ չեն պահանջվել՝ աշխատանքներն իրականացվել են սեփական միջոցներով, ապա առաջիկայում, քաղաքի այլ հատվածներում ոռոգման ցանցի տեղադրման համար կպահանջվի բավական մեծ գումար:
«Գտել և վերականգնել ենք ոռոգման ցանցի կենտրոնական մայրուղին, սակայն պետք է ստեղծվի ջրման ցանց, որը բացառապես չկա: Ունենք բոլոր նախադրյալները ոռոգման համակարգի շահագործումն ապահովելու, բայց դա դեռ հնարավոր չէ իրականացնել: Դրա համար բավական մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջվում: Այս հարցը կքննարկվի առաջիկայում»,-նշեց պատասխանատուն:
Այս պահին էլ, ինչպես տարիներ շարունակ, բացի «Հայուհու» հրապարակից, քաղաքի մյուս հատվածների կանաչ տարածքները ջրվում են ջրցան մեքենաներով:
Արմենուհի Մխոյան