Հացահատիկայինների բերքահավաքը դեռ չի սկսվել, և դեռ երկու շաբաթ կա որսորդական շրջանի բացմանը, սակայն արդեն որոշ խորտկարաններում այցելուներին առաջարկում են վայրի լորի միս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մաս ին օգոստոսի 14-ին լրագրողներին հայտնեց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը:

 

«Դատելով որսի փորձից' կարելի է համողված ասել, որ վերջին տարիներին լորի, բադերի և այլ ջրլող թռչունների, կտցարների քանակը պակասել է, և ավելացել են ագռավներն ու կաչաղակները: Որսագողության հիմնական պատճառը բնակչության շրջանում որսորդության կուլտուրայի բացակայությունն է և օգտվելով որսորդության վերահսկման ոչ պատշաճ կատարումից, մարդիկ զբաղվում են որսագողությամբ», - նկատեց Էդուարդ Սարիբեկյանը:

 

Նա հավելեց, որ դա ուղղակի բարբարոսություն է և կոչ արեց նմանատիպ դեպքերի հետ առնչվելու դեպքում անհապաղ ահազանգել բնապահպանության նախարարություն, քանի որ դա բխում է բոլորիս շահերից: