ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին:
Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն:
«Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է նման կառույցի անհրաժեշտությունը մեր երկրի համար, նշել, որ այն ոչ միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլև ՀՀ կառավարության խնդիրն է:
2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության և իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին:
Համապատասխան որոշման նախագիծը քննարկելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարել հարցի այդօրինակ լուծումը և առաջարկել է ավելցուկ սերմացուն հատկացնել գյուղացիական տնտեսություններին: Խմբագրված որոշումն ընդունվել է առանց առարկության:
Նիստում հաստատվել է ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով 2014թ. աշնանացանի համար մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը:
Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման ներքո գտնվող հողերի ջրամատակարարման նպատակով կառավարությունը 25 մլն խորանարդ մետրով ավելացրել է ջրառը Սևանա լճից՝ այն հասցնելով թույլատրելի 270 մլն խորանարդ մետրի:
Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Նիստին մասնակցող բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկել է մասնագիտական խումբ ձևավորել և ուսումնասիրել հարցը, որովհետև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս խ նդիրն ամեն տարի հրատապ է լինելու: Կառավարության ղեկավարը դեմ չի եղել անհրաժեշտության դեպքում խմբի ստեղծմանը և ընդգծել է սակավաջրության պայմաններում ջրի խնայողության կարևորությունը:
Կառավարությունը հաստատել է «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխման գործողությունների ծրագիրը», սահմանել «Երևանջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից սպասարկվող տարածքներում մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը:
ՀՀ կառավարությունը «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից երեք հայտարարագրով ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում' վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է համապատասխանաբար մինչև 2015թ. մարտի 13-ը, մարտի 26-ը և մայիսի 29-ը: Ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր արտադրանք՝ 3-ը 1-ում լուծվող սուրճ, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Կազմակերպությունը կատարել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Կառուցվել է նոր արտադրամաս, հոսքագծերի մի մասը նե րմուծվել է Եվրոպայից, մյուս մասը պետք է ներմուծվի սեպտեմբերին: Հաստոցների ուշացման պատճառով ընկերությունը չի հասցնի վերամշակել և ամբողջությամբ արտահանել ժամանակավոր ներմուծված հումքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել վեց ամսով:
Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2016թ. նոյեմբերի 10-ը երկարացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. ստորագրել են Կովկասի տարածաշրջանում երկրաբանության բնագավառում հետազոտություն կատարելու հուշագիր: 2013թ. Հայաստան է ներմուծվել GURALP մակնիշի սեյսմոմետրի հինգ հավաքածու: Ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովելու համար սեյսմոմետրերի շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում, ուստի ներմուծված սարքերի մաքսային ժամկետը երկարաձգվել է ևս երեք տարով:
Կառավարությունը թույլատրել է «Արմենիա» հեռուստաընկերության կողմից ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. օգոստոսի 2-ը, ինչի շնորհիվ ընկերությունը կիրականացնի տեխնիկական բարձր որակ ապահովող հեռուստահեռարձակում:
Նիստի օրակարգի հարցերից երկուսը վերաբերել են քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացմանը: Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ կառավարությունը տարանջատել է ավիացիայի ոլորտի քաղաքականության մշակման, տեխնիկական կանոնակարգման և անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչը դրական ազդեցություն կունենա կարգավորիչ դաշտի նկատմամբ: Այս նպատակով նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվելու է կառուցվածքային նոր ստորաբաժանում:
Ակնկալվում է, որ «բաց երկնքի» ազատակա նացված քաղաքականությամբ կկանոնակարգվեն պետական կառավարման մարմինների գործառույթները, որոնք կհանգեցնեն վստահության մեծացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրումների ապահովմանը:
Փոփոխություններ կատարելով ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում՝ ՀՀ կառավարությունը դրանք համապատասխանեցրել է 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:
Երևան քաղաքում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հատկացրել է 4 մլրդ դրամ: Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից մոտ 230 մլն ՀՀ դրամն ուղղվի Վիլնյուսի փողոցի շարունակությունը կազմող հատվածի կառուցմանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը, տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» արձանագրային որոշմանը, հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին և ժամանակացույցին:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2008-2010թթ. հարկադրված ընդհատել էր Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան (VII-XIXդդ.) ամրոցի վերականգնման աշխատանքը: 2012թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամ է ներկայացվել ամրոցի և դրա շրջակայքի մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագիրը, որի ա մբողջական իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար: 2013թ. ծրագիրը հավանության է արժանացել:
Դրա մեկնարկի համար նախատեսված է հատկացնել շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ ամրոցն իր ներքին տարածքով բացառապես լինի ՀՀ սեփականությունը: Այդ նպատակով գործադիրն ընդունել է Դաշտադեմի ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գույքը ձեռք բերելու համար շուրջ 23.5 մլն դրամ հատկացնելու որոշում: Դրանով իսկ ստեղծվել են համալիր ծրագիրն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ և իրավական դաշտ:
2014թ. օգոստոսի 25-30-ը Իտալիայում «Էմիլիա Ռոմանա» դասական երաժշտության միջազգային փառատոնին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է 30 մլն ՀՀ դրամ:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջև Երևան քաղաքում այդ համալսարանի մասնաճյուղի հիմնադրման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետական մարմինների կողմից ծառայությունների էլեկտրոնային ձևով մատուցման և այդ ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման տեխնիկական համակարգերի միասնականության, անվտանգության և փոխգործակցության ապահովման անհրաժեշտությամբ:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվներն սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող են արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Կառավարությունն իր հերթին արել է մի քանի առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության ներկրած 300 հաշմանդամի սայլակները հավաքելու և սայլակի կարիք ունեցող անձանց իրենց բնակության վայրում տրամադրելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 1 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է Գեղարքունիքի մարզի Դդմաշենի բժշկական ամբուլատորիային պատկանող չշահագործվող նախկին շենքը և համապատասխան հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Դդմաշենի համայնքին՝ շենքը որպես հանդիսության սրահ ծառայեցնելու պայմանով:
Կառավարության որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տրվել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Սոս Ավետիսյանին, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի բակալավրիատի սան Էդգար Մինասյանին, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի բակալավրիատի սաներ Ռաֆայել Մկրտչյանին և Վահան Ասլանյանին: