Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է ջանքերը ամերիկացի կոնգրեսականների բողոքի ձայնը ադրբեջանական ագրեսիայի դեմ բարձրացնելու ուղղությամբ' միաժամանակ կոչ անելով Նախագահ Օբամայի վարչակազմին' կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ գործունեությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ալիևյան ագրեսիան կասեցնելու հերթական հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ կոնգրեսականներ Ջեկի Սփայերը, Թոնի Կարդենասը և Դեյվիդ Սիսիլինը:

 

«Անհրաժեշտ է դատապարտել Ադրբեջան ի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ինտենսիվացումը, ինչպես նաև հայ քաղաքացիական անձանց և անգամ Հայաստանում գտնվող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դեմ դիպուկահարների կիրառումը: Ադրբեջանի այս գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և վնասում տևական հրադադարի հաստատմանը:

 

Չնայած բոլոր խոչընդոտներին' Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել ժողովրդավար հասարակություն, որը վեր է դասում խաղաղությունը և արդարությունը» ,- նշել է ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփայերը' շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է կանգնի Արցախի ժողովրդի կողքին' կասեցնելու ադրբեջանական ռազմատենչությունը:

 

Թվիթերում խաղաղության և ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորման հույս է հայտնել Թոնի Կարդենասը: Իսկ Դեյվիդ Սիսիլինը, խստորեն դատապարտելով ադրբեջանցի դիպուկարահրների հարձակումները, նշել է, որ շարունակական բախումները միայն խաթարելու են տարածաշրջանի հանգիստը և վտանգելու' հրադադարի համաձայանգիրը:

 

Օգոստոսի 8-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ և նամակ փոխանցել Քեն Խաչիկյանի անունից, ուր նշվել է. «Նախագահ Ալիևի կողմից հրահրված միջսահմանային հարձակումների ամենավերջին ալիքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ տասնյակ մարդկանց կյանք է խլել և լրջորեն վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած կարևոր աշխատանքին»: