Լիբանանի հեռարձակման կորպորացիայի (LBC), որն այդ երկրում առաջին մասնավոր հեռուստաընկերությունն է, լրագրող Մարսել Ղանեմին Արևելքի հալածված քրիստոնյաների հարցում արտահայտած դիրքորոշման համար վիրավորել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին'անվանելով նրան «ծերուկ»: Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիային' քրիստոնյաներին վերաբնակեցնել այդ երկրի լքված գյուղերում:

 

Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ' լիբանանյան Aypoupen.com-ի լրագրող Կարապետ Գոչունյանը քաղաքական «Խալամ Էնաս» թոք շոուի ժամանակ հրապարակայնորեն դիմել է Մարսել Ղանեմիին: «Պարոն Ղանեմի, Շառլ Ազնավուրը հայ համայնքի կողմից ամենահարգված անձանցից մեկն է: Դուք ազատ արտահայտվելու և կարծիք հայտնելու իրավունք ունեք, բայց դա չի նշանակում, որ կարող եք վիրավորել Շառլ Ազնավուրին: Մենք պահանջում ենք անմիջապես ներողություն խնդրել...»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Գոչունյանը:

 

Շառլ Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիայի իշխանություններին հյուրընկալել Իրաքում և Սիրիայում վտանգված փոքրամասնություններին և օգնել նրանց վերակենդանացնել ֆրանսիական հին գյուղերը: «Կրոնական պատերազմում, որն այժմ համակել է Իրաքն ու Սիրիան, կարևոր է անշուշտ հոգ տանել Արևելքի քրիստոնյաների, քրդերի, եզդիների և մյուսների մասին: Սակայն այս ցանկում չպետք է մոռանալ իմ սրտի համար թանկ մի համայնքի՝ հայերի մասին: Երբեք չենք խոսում այդ մասին: Սիրիայում դեռ երեկ կար մոտ երկու հարյուր հազար հայ»,- նշել էր Ազնավուրը: