Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի և տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ' ներկա պայմաններում Հայաստանն ի վիճակի չէ, օգտվելով Ռուսաստանի դեմ սանկցիաների կիրառման առավելությունից, մեծացնել արտահանումը ռուսական շուկա:

 

«Ռուսական շուկա տանելու համար մենք պետք է նոր արտադրանք ստեղծենք, իսկ դրա համար անհրաժեշտ հատուկ քաղաքականություն, ներդրումներ, աջակցությո ւն: Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ հինգ մլրդ դոլար, որից մեկ միլիարդ և մի քիչ ավելին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն է: Հայաստանը Ռուսաստանից ներկրում է մոտ մեկ միլիարդ դոլարի և արտահանում մոտ 300 մլն դոլարի ապրանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ադիբեկյանը:

 

«Շուկայական հարաբերությունների ձևավորման ողջ ժամանակահատվածում Հայաստանը չի ունեցել տնտեսական քաղաքականություն, որի արդյունքում արտադրության այնպիսի տեղամասեր ձևավորեինք և զարգացնեինք, որ գոնե մեր պահանջմունքները կարողանային բավավարարել:

 

Եվ այսօրվա դրությամբ, երբ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ և ապրանքափոխանակության կառուցվածքը պետք է փոխվի, Հայաստանը ռեսուրսներ չունի մտնելու ռուսական շուկա»,- հավելեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

 

Փորձագետների խոսքով' արտահանումը մեծացնելու համար համար պետք է վերականագնել այն արտադրությունը, որ Հայաստանն ունեցել է Խորհրդային Միության տարիներին, ինչպես նաև խոշորացնել գյուղատնտեսությունը:

 

«Գյուղատնտեսությունը պետք է խոշորացվի, որպեսզի վերամշակման հումք տա: Անհատ տնտեսություններից ամեն մեկն իր խնդիրներն է լուծում: Մեր գյուղացիների վաթսուն տոկոսը բնատնտեսությամբ է զբաղված և միայն քսան տոկոսն է շուկա արտահանում: Այսօրվա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունն ապրանքային արտադրություն չունի, այն համքարային, ընկերային արտադրություն է»,- պարզաբանեց Բոստանջյանը: