Հայաստանի նախագահական, ընդհանրապես, համապետական բոլոր ընտրություններում էլ առավել հրատապ է եղել հետընտրական զարգացումների հարցը՝ նկատի ունենալով այն, որ հանրությունը երբեք չի սպասել արդար ընտրություն՝ սպասվել է կեղծիք և հարցը եղել է այն, թե ընտրության մասնակից հիմնական ընդդիմադիր ուժն ինչպես է պայքարելու այդ կեղծիքի դեմ ընտրությունից հետո: Այդ պայքարները անցել են ապարդյուն, ունեցել են տարբեր ընթացք, զարգացում, բայց երբեք չեն բերել իշխանափոխության:
2013 թվականի ընտրությանը, սակայն, ոչ թե խնդիրը դիտարկվում է այն կոնտեքստում, թե ինչպես է ընդդիմադիր ուժը ընտրություններից հետո պայքարելու կեղծիքների դեմ և իշխանությանը ստիպելու անվավեր ճանաչել ընտրությունները կամ հրաժարական տալ, այլ հետընտրական սպասումը վերաբերում է քաղաքական ստատուս-քվոյին: Այսինքն՝ կեղծիքի սպասումը ներկայումս հրատապ չէ: Եվ ոչ այն պատճառով, որ կեղծիք չի լինելու: Իհարկե լինելու է, առանց դրա Սերժ Սարգսյանը չի կարող, քանի որ մրցակից չունենալը կամ ուժեղ մրցակից չունենալը դեռ ոչինչ է՝ ընտրվելու համար պետք է ձայն ունենալ: Իսկ Սերժ Սարգսյանը ձայն չունի, հետևաբար, պետք է ինչ-որ տեղից ստեղծի այդ ձայնը:
Իսկ Հայաստանում իշխանությունը ոչ թե աշխատանքով է ձայն ստեղծում, այլ կեղծիքով, անօրինականություններով: Այնպես որ, կեղծիք լինելու է: Պարզապես հանրության համար ակնհայտ է, որ չկա կեղծիքի դեմ արդյունավետ պայքարի ունակ ուժ: Այդ պատճառով էլ սպասումները կապված են ոչ թե այն բանի հետ՝ կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը հասնել իշխանափոխության, այլ թե ինչ գործընթացներ են ծավալվելու Սերժ Սարգսյանի նախագահության հռչակման երկրորդ ժամկետին:
Այդ գործընթացների հավակնորդության մեկ հայտ արդեն իսկ ներկայացվել է: Դա արել է Ռոբերտ Քոչարյանը՝ իր վերջին հարցազրույցում ակնարկելով, որ երկրորդ ժակետից հետո Սերժ Սարգսյանից ակնկալում է հետ ստանալ էստաֆետի փայտիկը:
Ռոբերտ Քոչարյանից հետո հարցազրույցով հանդես եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա, իհարկե, որևէ կերպ չանդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի մտքերին, առավել ևս, որ Քոչարյանն էլ ուղղակիորեն Տեր-Պետրոսյանին չէր անդրադարձել: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի նպատակն իհարկե այն էր, որ վերհաստատի ՀԱԿ-ում իր վերահսկողությունը: ՀԱԿ առաջնորդը իրեն բնորոշ հեգնանքով արձագանքեց ՀԱԿ-ում ճգնաժամը փաստող գործիչներին և կառույցում վերանայումների անհրաժեշտության մասին նրանց դատողություններին՝ նաև ակնարկելով, որ մտադիր չէ հանձնել ՀԱԿ-ը, հետևաբար ունի հետագա ներքաղաքական գործընթացներում ներկայացված լինելու մտադրություններ:
Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ակնարկեցին, որ ամենևին չեն համակերպվելու 2013-ի իրենց պարտությանը և մտադիր են շարունակել պայքարը հետագայում: Մյուս կողմից, իհարկե, այստեղ հնարավոր զարգացումները կարող են լինել այնպիսին, որ խոսքը գնա ոչ միայն պայքարի, այլ նաև հնարավոր համագործակցության մասին՝ Քոչարյան-Տեր-Պետրոսյան, կամ Տեր-Պետրոսյան-Սարգսյան ֆորմատներով: Սարգսյան-Քոչարյան ֆորմատը գրեթե բացառվում է, քանի որ այստեղ կա՛մ Սարգսյանը ստիպված կլինի զիջել Քոչարյանին, կա՛մ Քոչարյանը կզիջի Սարգսյանին, քանի որ Տեր-Պետրոսյանը բավականաչափ ուժեղ չէ՝ նրա դեմ միավորվելու համար:
Սակայն չի բացառվում, որ այս գործընթացին խառնվի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նախագահական ընտրարշավից առաջ Ֆրանսիայում նախագահական նստավայր է այցելել և հանդիպել Ֆրանուսա Օլանդի գլխավոր դիվանագիտական խորհրդականի հետ: Չի բացառվում, որ հանդիպումը ունենա հետագա զարգացում Հայաստանի քաղաքական դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջխաղացման տեսքով: Այլ կերպ ասած՝ չի բացառվում հակադրությունը Տեր-Պետրոսյան-Քոչարյան և Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան ֆորմատների միջև, այսինքն՝ մի հնարավոր զույգին դիմագրավի մյուս հնարավոր զույգը:
Ի դեմս այդ ձևաչափերի, ըստ ամենայնի, կշարունակվի Հայաստանում արևմտյան և ռուսական ազդեցության պայքարը: Սա, իհարկե, հետընտրական զարգացումների հնարավոր, հավանական, բայց ընդամենը վարկածներից մեկն է: Առավել ևս, որ այդ զարգացումներում, անշուշտ, էական նշանակություն է ունենալու այն, թե ինքնակազմակերպման և առկա իրողությունների վերանայման ինչ գործընթացներ կգնան քաղաքացիական և պայմանական ասած՝ այլընտրանքային ընդդիմադիր անհատների և խմբերի շրջանակում: