ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր' օգոստոսի 21-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով բարձր մակարդակի կարևոր հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն օրեր առաջ արդեն նշել է, որ այս հանդիպումը հատկապես կարևոր է տնտեսական հարաբերությունները սերտացնելու առումով և բազմաթիվ ծրագրեր կան կապված այդ երկրի հետ: Հայտնի է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ Հովիկ Աբրահամյանը քննարկելու է նաև ջավախահությանը վերաբերող հարցեր: Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում: Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է:
Հայաստան-Վրաստան բարեկամությունը տնտեսակաքաղաքական խոշոր միավորների ընդհանուր սահմանագիծ
Վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները պետությունների միջև դինամիկ և բարձր տեմպերով զարգացում են ապրում: Հանրության ուշադրության կենտրոնում են տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացների պայմաններում երկու երկրների միջև նոր առևտրատնտեսական և քաղաքական համագործակցության հեռանկարները:
Հունիսի 27-ին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Բրյուսելում ստորագրել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը' մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին:
Միաժամանակ ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության' Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը կստորագրվի 2014 թվականի աշնանը: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն օգոստոսի 14-ին արդեն ստորագրել է ՀՀ անդամակցության պայամանագիրը և այն ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը: Այսպիսով' ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ եւ ԵՄ-ին Վրաստանի ասոցացմամբ' Հարավային Կովկասում երկու հարեւան պետությունների միջեւ կանցնի երկու խոշոր տնտեսաքաղաքական միավորումների ընդհանուր ս ահմանը:
Երկկողմ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Երկու պետությունների հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը 2001թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է: Հայ-վրացական համագործակցության ողջ իրավական շրջանակը բաղկացած է մոտ 80 միջազգային պայմանագրերից, համաձայնագրերից, հուշագրերից և զանազան արձանագրությո ւններից, որոնք ներառում են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ:
Ոլորտային համաձայնագրերի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել ազատ առևտրի, ցամաքային և օդային հաղորդակցության, իրավական աջակցության համար, խուսափել կրկնակի հարկումից, խրախուսել ներդրումները և խթանել առևտրի ու տնտեսության ոլորտում հարաբերությունների զարգացումը: Երկկողմ պայմանագրերը սահմանում են նաև երկու պետությունների սահմանի երկայնքով տեղակայված սահմանային անցակետերի դասավորվածությունը:
Ներկայում հայ-վրացական սահմանի վրա 6 սահմանային անցակետ կա' 5-ն ավտոմոբիլային ուղիների վրա են տեղակայված (Նինոծմինդա-Բավրա; Գուգութի-Գոգարան; Ախկերպի-Պրիվոնլնոե; Սադախլո-Բագրատաշեն; Ախկերպի-Դիլիջան), իսկ 1-ը' երկաթուղային (Սադախլո-Այրում): Հայ-վրացական սահմանը ֆիզիկական անձինք և ավտոփոխադրամիջոցները կարող են հատել միայն վերոնշյալ անցակետերով:
Հայաստան-Վրաստան. առևտրային կապեր Երկկողմ տնտեսական համագործակցությունը մինչ այժմ հիմնականում կենտրոնացած է եղել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների վրա: Երկու պետությունների տնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու նպատակով ստեղծվել է միջկառավարական տնտեսական հանձնաժողով, որի համաղեկավարներն են Հայաստանի և Վրաստանի վարչապետները: Վրաստանը տրանսպորտի եւ հաղորդակցությունների ասպարեզում Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Վրաստանով է անցնում հայկական, նաեւ Հայաստանի համար նախատեսված բեռնափոխադրումների 70 տոկոսը: 2014 հունվար-հունիսի տվյալներով' արտաքին առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է 73 039.7 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 3,9 տոկոսով: Սակայն Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը դեռևս զգալի զիջում է մեր մյուս անմիջական հարևանների՝ Իրանի ու Թուրքիայի հետ առևտրի ծավալներին: Հայաստանը Վրաստան է արտահանում ամենաշատը շիշ, ցեմենտ, էթիլային սպիրտ, սիգարետ, փաթեթավորման իրեր և այլն: Համապատասխանաբար' ամենաշատը ներկրում ենք ազոտական պարարտանյութ, պողպատյա ձողեր, փայտյա սալիկներ: Զգալի է նաև գիպս ի, ցիտրուսայինների ներկրումը:
Վրաստանի հայ համայնքը Վրաստանի տարածքում հայաբնակ վայրեր եղել են հին ժամանակներից: Սակայն հայ փախստականների առաջին մեծ ալիքը Վրաստանում հայտնվել է 11-րդ դարում, երբ թուրքական քոչվոր ցեղերը սկսել էին գրավել պատմական Հայաստանի տարածքները: Բացի այդ, 1829-1830թթ. ցարական Ռուսաստանի կողմից Ջավախքում վերաբնակեցվել է 20 000 հայկական ընտանիք Էրզրումից: Վրաստանում բնակվող հայերի թիվը միշտ փոփոխվել է, ինչը կապված է եղել տարբեր պատմական, քաղաքական եւ տնտեսական պայմանների հետ:
Վրաստանում անցկացված վերջին' 2002 թվականի մարդահամարի տվյալներով, երկրի հայկական բնակչության թիվը հասնում է 248 900-ի (առանց Աբխազիայում բնակվող հայերի, որտեղ, 2003 թվականի մարդահամարի համաձայն ապրում են 44900 հայեր), ինչը կազմում է Վրաստանի ամբողջ բնակչության 5,7 տոկոսը: Առավել խոշոր հայկական համայնքներ են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Սամցխե - Ջավախեթի եւ Քվեմո Քարթլի տարածաշրջաններում, ինչպես նաեւ Աջարիայում եւ Աբխազիայում: Վիրահայության կյանքում կարեւոր դեր է կատարում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, որը ներկայումս գլխավորում է Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այսօր Վրաստանում գործում են 46 հայկական եկեղեցիներ, որոնցից 6-ը համարվում են «վիճելի». մինչեւ 150 հայկական դպրոցներ, որոնցից մոտավորապես 100 - ը Ջավախքում եւ երեք դպրոց Թբիլիսիում: Վրաստանի մայրաքաղաքում գործում են եւս երկու խոշոր հայկական հաստատություններ' հայալեզու «Վրաստան» շաբաթաթերթը եւ Պետրոս Ադամյանի անունը կրող հայկական դրամատիկական թատրոնը: Գործում են նաեւ մոտ 50 հայկական հասարակական կազմակերպություններ:
Պատրաստեց Սյունե Բարսեղյանը