Վրացագետ Արկադի Ակոպովն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության վիճահարույց հարցերով: Խնդիրն, ըստ պատմաբանի նոր չէ, այն առաջ է եկել 19-րդ դարում, երբ վրացիներն առաջին փորձերն են արել «սեփականաշնորհել» Տայքի ողջ մշակութային շերտը՝ այն վերագրելով վրացական էթնոսին:

 

Այնինչ, կան վառ վկայություններ այն մասին, որ դրանք պատկանել են հայ քաղկեդոնականներին՝ ուղղափառ հայերին: Այս գործընթացը, ցա վոք, շարունակվում է նաև այսօր: «2012 թվականից սկսած մինչ օրս վերականգնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող 2 հուշարձան՝ առաջինը Իշխանի եկեղեցին՝ կառուցված 7-րդ դարում հայոց Ներսես 3-րդ կաթողիկոսի կողմից: Այդ եկեղեցին 9-րդ դարում որոշակի վերափոխումների է ենթարկվել ու օծվել է քաղկեդոնական ծեսով: Թեև եկեղեցու արձանագրությունները վրացերեն են, բայց կան հայատառ թվագրումներ»,-ասում է վրացագետը:

 

Ինչպես նա տեղեկացրեց «Արմենպրես»-ին, 2012 թվականի եկեղեցու վերականգնումն իրականցրել է թուրքական մի ընկերություն՝ վրացական կողմի հետ համատեղ: Երկրորդ եկեղեցին, որի վերականգնման աշխատանքները մեկնարկեցին 2014 թվականի ապրիլին՝ Օշկվանքն է, որի հիմնադրվել է 963 թվականին: «Այստեղ նույնիսկ անունն է խոսում հայկական լինելու փաստի մասին, սակայն վրացիների հետ խոսելիս նրանք պնդում են, որ դա իրենց մշակույթի կարևորագույն ժառանգություններից մեկն է: Խնդիրն այն չէ, արդյոք այնտեղ վրա ցի հոգևորականներ եղել են թե ոչ, բնականաբար, քանի որ հայերը չեն ունեցել ուղղափառ պատրիարքություն, պետք է ենթարկվեին վրացական կաթողիկոսին՝ Տայքում վրացական թեմեր եղել են: Խնդիրը կայանում է նրանում, թե այդ եկեղեցիները ում համար են եղել կառուցված:

 

Տարբեր պատմական փաստերի համադրումից ու թուրքական հարկացուցակներից երևում է, որ այս տարածքի բնակչության գոնե ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջը, եղել է հայ: Այսօր էլ Տայքում կան գյուղեր, որտեղ բնակվում են հայեր՝ ճիշտ է, նրանք մահմեդական են և հայերեն չեն խոսում, բայց գիտեն, որ հայ են: Այդ պատճառով էլ վրացական կողմի այն պնդումը, որ տարածքը վրացական է, վրացական հարավային ծայրագավառ, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ 4-8-րդ դարերում Տայքը եղել է Մամիկոյանների ժառանգական տիրույթը: 8-րդ դարում նոր Բագրատունիները, արաբների դեմ պայքարելու համար, ընդունեցին քաղկեդոնական դավանանքը՝ վրացական տեսքով: Վրացերենն անգամ 10-րդ դարում եղել է միայն եկեղեցական ժամերգությունների լեզու, մնացած բոլոր դեպքերում կիրառվել է հայերենը: Տեղանունները ևս հայկական են»,-նշեց Արկադի Ակոպովը' բերելով մի շարք այլ ապացույցներ, որ այդ եկեղեցիները հայկական ծագում ունեն:

 

Երիտասարդ վրացագետը այս պարագայում խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում. ելքը քաղաքական դաշտում, պետական մակարդակով լուծելն է: «Կամ էլ գիտական մակարդակում գտնել ելք' հայկական արմատն եր ունեցող վերականգնվող եկեղեցիներում վրացիների հետ համատեղ արշավախմբեր ձեռնարկել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա, ասենք, հայ ճարտարապետներ ընդգրկել այդ արշավախմբերում, որպեսզի վերականգնման ժամանակ հայկական առանձնահատկությունն ու տարրերը չոչնչացվեն»,-նշեց պատմաբանը' ավելացնելով, որ եթե «Իշխանի եկեղեցին» ամբողջովին արդեն իսկ վերականգնված է վրացական ոճով, ապա Օշկվանքի վերականգնման աշխատաքները դեռ նոր են մեկնարկել, և Օշկվանքի ծագումնաբանությունը «փրկելու» հնարավորություն դեռ կա:

 

Տայքում ընդհանուր առմամբ, բացի այս երկուսից, հայկական շատ պատմամշակութային արժեքներ դեռ կան՝ «Մայր Աստվածածին» և Զվարթնոցի նմանությամբ կառուցված «Բանակի» եկեղեցիները, Չորդվանքը և այլ կառույցներ: «Վատն այն է, որ, ի տարբերություն հայերի, վրացական կողմը հզոր քարոզչություն է տանում այն ուղղությամբ' ապացուցելու այս կառույցների վրացական լինելու փաստը, բայց մեր կողմից դա չի արվում: Անհրաժեշտ է հայ ժողովրդի մեջ մասսայականացնել այդ պատմական հուշարձանները՝ բոլորը գիտեն Անիի, Աղթամարի, Արևմտյան Հայաստանի այլ հուշարձանների մասին, բայց հազարից մեկը չգիտի, որ Տայքում մենք ունենք հսկայական պատմամշակութային ժառանգություն: Տուրիստական ընկերությունները պետք է չխուսափեն իրենց երթուղիներում ընդգրկել նաև Տայքը, որտեղ ամեն ծառի հետևում հայկական մի հուշարձան ունենք»,-ավելացրեց Արկադի Ակոպովը :

 

 

Արմենուհի Մխոյան