Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարում է նոր կուսակցության ձևավորման մասին, որի գործունեության հիմքում լինելու է ազատական գաղափարախոսությունը: Օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Սուրեն Սուրենյանցը նշեց, որ ինքը դեռ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո է հայտարարել նոր կուսակցություն ստեղծելու ցանկության մասին:

 

Սակայն ես անընդհատ ձգձգում էի այդ գործընթացը՝ հույս ունենալով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ազատական դաշտում կոնսոլիդացիա կլինի, սակայն հետագայում տեսա, որ դա տեղի չի ունենում և որոշում կայացրեցի նոր կուսակցության ստեղծման մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սուրենյանցը:

 

Կուսակցությունը կոչվում է Նոր ազատական կուսակցություն, առաջին համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Կուսակցության հիմնադիրը որևէ կերպ չի պատկերացնում համագործակցությունը Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ:

 

«Սերտ համագործակցություն չեմ պատկերացնում նաև ՀՅԴ-ի հետ: «Ժառանգության» գործունեության մեխը ես այդպես էլ չհասկացա, իսկ ՀԱԿ-ի հետ ընդհանրապես դեռ 4 տարի առաջ եմ ապահարզան կնքել»,- նշեց նա:

 

Սուրենյանցն ընդգծում է, որ խորապես հարգում է ՀՀ առաջին նախագահին, սակայն չի պատրաստվում համագործակցել մի քաղաքական ուժի հետ, որի ղեկավարը չի հասկանում իր դերն ու կարգավիճակը: «Օրինակ' ես շատ անգամ հանդիպում եմ պարոն Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն ես դրա իրավունքն ունեմ, որովհետև հասարակության առջև պարտավորություններ չունեմ:

 

Իսկ երկրի առաջին նախագահը պետք է հստակ գիտակցի իր տեղն ու դերը, պետք է գիտակցի, որ ինքը հասարակության առջև պարտավորություններ ունի: Սակայն նա իրեն զգում է որպես հարուստ կլիենտի կողմից քցված մատուցող: Երկրի առաջին նախագահը չպետք է փաստաբանի դեր կատարի օլիգարխների համար: Ընդհանրապես ՀԱԿ-ն ինձ համար ամենալուսավոր և միևնույն ժամանակ ամենատխուր թեմաներից մեկն է»,- նշեց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ չի պատրաստվում համագործակցել նաև ԲՀԿ-ի հետ՝ չնայած հարգում է այդ քաղաքական ուժի առաջնորդին:

 

 

Սուրեն Սուրենյանցը ցանկանում է խորհրդարանական առաջիկա ընտրություններին ընդառաջ գնալ ազատական գաղափարախոսությունը կրող կուսակցությունների համախմբմամբ, սակայն դժվարանում է հիմա պատասխանել' կստացվի՞ դա, թե ոչ:

 

«Եթե համախմբում չլինի, ստիպված միայնակ կմասնակցենք ընտրություններին՝ չնայած այդքան մեծ ակնկալիքներ չունեմ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ որպես կուսակցության ղեկավար համագործակցություն պատկերացնում է «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն» կուսակցությունների հետ: