ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին բլից-հարցազրույցի ամենասկանդալային հատվածն իրականում ոչ թե Սասուն Միքայելյանի կողմից իրեն ուղղված շատ կոնկրետ մեղադրանքին պատասխանելուց խուսափելու նպատակով ազատամարտիկին հաճոյանալու անհաջող փորձն էր, այլ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին հիշատակելու փաստը:
Ի պատասխան հարցին' «Եթե չէիք առաջադրվելու, ապա ինչո՞ւ մեկ-երկու տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ չբերեցիք», Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Այդ առթիվ գուցե տեղին է հրապարակայնացնել Վանո Սիրադեղյանի հետ կապված մի ուսանելի դրվագ։ ՀՀՇ վարչության նիստերից մեկում ընթացող քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանը, չդիմանալով Վանոյի լուրջ փաստարկներին, հունից դուրս եկավ ու գոռաց. «Վանո, ո՞նց ես հետս վիճում, չէ՞ որ ես եմ քեզ քաղաքական գործիչ դարձրել»: «Բա ինչի՞ Խաչիկ Ստամբոլցյանին չկարացար դարձնել»,- վայրկենապես հակադարձեց Վանոն, ինչից Վազգենը պարզապես գունատվեց ու պապանձվեց»:
Առաջին հայացքից՝ ոչ այնքան էական թվացող այս դրվագը լավագույնս բացահայտում է Լևոն Տեր-Պետրոսյանի արժեքային համակարգը, ցանկացած հարցում կոնյունկտուրային տրվելու պատրաստակամությունը:
2008 թվականին' մեծ քաղաքականություն վերադառնալուց հետո, Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արել է իր երբեմնի զինակից, իր իսկ իշխանության պատճառով «քավության նոխազի» կարգավիճակում հայտնված Վանո Սիրադեղյանի անունը հնարավորինս քիչ հիշատակելու, նրան մոռացության մատնելու համար: Դա ավելի ցայտուն դրսևորվեց այն ժամանակ, երբ անցած տարվա գարնանը Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու պահանջով քաղաքացիական շարժում սկսվեց:
Ո՛չ Հայ ազգային կոնգրեսը, ո՛չ Վանո Սիրադեղյանի հարազատ ՀՀՇ-ն (բնականաբար, ոչ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության ու հանձնարարության), ոչ միայն որևէ դրական վերաբերմունք չարտահայտեցին ու չմիացան այդ շարժմանը, այլև դա որակեցին՝ որպես իշխանական պրոյեկտ:
Այս առթիվ թերևս արժե հրապարակայնացնել Վանո Սիրադեղյանի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ կապված ևս մի դրվագ: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա մերձավորները նույնկերպ էին արձագանքել «168 Ժամ» թերթում դեռևս 2009 թվականի ամռանը տպագրված մի հրապարակմանը, որում տարակուսանք էր հայտնվում, որ իշխանություններից պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ վերջիններիս ցուցակում ընդգրկելով անգամ 2008 թ. մարտի մեկի հետ կապ չունեցող Մուրադ Բոջոլյանին և այլ անձանց, Լ. Տեր-Պետրոսյանը չի պահանջում դադարեցնել 1998 թ.-ից հետո առաջին քաղհալածյալի' Վանո Սիրադեղյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը:
Այն ժամանակ ևս մեր այդ հարցադրումը Տեր-Պետրոսյանն ու նրա ինտելեկտուալ թիմակիցները որակում էին՝ որպես «իշխանական պատվեր»: Ավելին' ներքին կարգով կոնգրեսականներից շատերին հրահանգել էին հրապարակավ խուսափել Վանո Սիրադեղյանի անունը շոշափելուց:
Ինչո՞ւ էր (է) Տեր-Պետրոսյանը խուսափում Սիրադեղյանի մասին խոսել, դժվար չէ կռահել: Նա, թերևս, մտավախություն ուներ (ունի), որ Հայաստան վերադառնալով՝ Վանոն կարող է վտանգել իր հեղինակությունն առաջին հերթին՝ սեփական թիմում: Ուստի, որքան տարօրինակ ու անմարդկային, նույնքան էլ «բացարձակ պրագմատիզմի» տեսանկյունից տրամաբանական է, որ Տեր-Պետրոսյանին շատ ավելի ձեռնտու է Վանոյի վտարանդի վիճակը:
Ուրեմն ինչո՞ւ է այս ամենից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ հարցազրույցներից մեկում մեջբերում Վանո Սիրադեղյանին: Որովհետև Վանո Սիրադեղյանի նշված արտահայտությամբ Լևոն Տեր-Պետրոսյանն ապացուցում է իր իրավացիությունը, Վանոյի խոսքը նրան օգնում է պաշտպանվել՝ իրենից բացի այլ առաջնորդ չհանդուրժելու մասին իրեն ուղղված մեղադրանքներից: Որովհետև Վանո Սիրադեղյանն իր այս մի նախադասությամբ շատ ավելի բնորոշ է արտահայտել այն գաղափարը, որը Տեր-Պետրոսյանը փորձում է ներկայացնել իր ակադեմիական, երկարաշունչ շարադրանքներով: Այսինքն' Վանոյի այս միտքը Լևոն Տեր-Պետրոսյանի համար ընթացիկ փուլում փրկօղակ է դարձել, դրա համար էլ նա հիշել է Վանո Սիրադեղյանին:
Սակայն, եթե ներկայիս զարգացումները պատկերավոր գնահատելու համար Տեր-Պետրոսյանը մեջբերում է Վանո Սիրադեղյանին, ապա արդարացի կլինի մեջբերել նաև նրա' ոչ պակաս դիպուկ մեկ այլ արտահայտությունն ու հրապարակումը' «Գյադաների ժամանակը»: Ինչպես առիթներ ունեցել ենք նշելու, դա վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կյանքում, այդ թվում' ընդդիմադիր դաշտում, հատկապես՝ Հայ ազգային կոնգրեսում կատարվող գործընթացների, թերևս, ամենադիպուկ ու ամենաարտահայտիչ գնահատականն է: