Հայկական կողմը ճշտում է ադրբեջանական լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը' ՀՀ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ հայի անցնելու մասին:

 

ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունում դեռևս Տավուշի մարզի գյուղերից անհայտ կորած անձի վերաբերյալ որևէ հաղորդում չի ստացվել:

 

«Արմենպրես»-ը փորձեց կապվել Ղազախի շրջանին սահմանակից հայկական գրեթե բոլոր գյուղերի գյուղապետերի հետ' ճշտելու, թե որ գյուղից կարող է լինել սահմանն անցած քաղաքացին, սակայն որևէ գյուղից բացակայող անձի մասին տեղեկություն չստացվեց:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հայկական կողմից Ադրբեջանի տարածք անցած քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։