Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Խաջիմբային' Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգարժան Ռաուլ Ջումկի,

 

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու և Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

 

Ձեզ գիտեն որպես փորձառու քաղաքական գործչի, ով էական ավանդ է ունեցել աբխազական անկախ պետականության կայացման գործում: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ կզարգանա ու կզորանա:

 

Լեռնային Ղարաբաղում կարևորում են Աբխազիայի հետ կապերի ամրապնդումը և հույս հայտնում, որ Ձեր նախագահության տարիներին մեր երկրների միջև փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:

 

Ընդունեք մեկ անգամ ևս իմ ջերմ շնորհավորանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողության բարեմաղթանքները Ձեր բոլոր ձեռնարկումներում' հանուն եղբայրական Աբխազիայի խաղաղության ու բարգավաճման»: