ՀՀ ոստիկանությունը հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար խորհրդատվության հնարավորություն է ստեղծել Skype-ի միջոցով:
Ինչպես այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, նրանց հնարավորություն է ընձեռվում այսուհետ ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10:00-12:00-ը, Skype-ի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ սփյուռքահայերը կարող են օգտվել ծառայությունից: ՀՀ ոստիկանության Skype-ի hասցեն` Armenian Police:
Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով: