Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, ԽՎ «Եվրոնեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջազգային հանրության առաջ հանդես է եկել «Ադրբեջանում քաղբանտարկյալների դիմաց' Ղարաբաղ» հանճարեղ բանաձեւով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Սուլեյմանովի խոսքով' վերջին շրջանում հակաադրբեջանական ուժերը սկսել են բարձր ակտիվություն ցուցաբերել միջազգային կազմակերպություններում, այդ թվում' ԵԽԽՎ-ում, քաղբանտարկյալների հետ կապված հարցերով հերթական անգամ լայնամասշտաբ արշավ սկսելով Ադրբեջանի դեմ:
«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ միջազգային հրապարակում քաղբանտարկյալների առնչությամբ հակաադրբեջանական արշավը սիստեմատիկ բնույթ է կրում, որն օգտագործվում է Եվրոպական առաջին խաղերի եւ 2015 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների շեմին Ադրբեջանի նկատմամբ նեգատիվ վարկանիշ ձեևավորելու համար», -ասել է նա:
«Եվրոնեսթ»-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի խոսքով' անհրաժեշտ է արհամարհել քաղբանտարկյլաների հարցով Ադրբեջանի վրա միջազգային կազմակերպությունների քաղաքական ճնշումը' «ընդհուպ մինչեւ Լեռնային Ղարաբաղի ազատագրումը, Սարսանգի ջրամբարից բխող հումանիտար եւ էկոլոգիական սպառնալիքի վերացումը, Նախիջեւանի շրջափակման դադարեցումը»:
Ադրբեջանցի «հեղինակավոր» քաղաքական գործչի մտքի այլ փայլատակման վերաբերյալ մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
Ադրբեջանում գործող 12 ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններ' Ադրբեջանի իրավապաշտպաններիս ասոցիացիան, «Դեմոկրատիայի մոնիտորինգ»-ը, Դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոնը, Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեն, «Իրավական լուսավորության հանրություն»-ը եւ այլն համատեղ զեկույց են ներկայացրել, որում անդրադարձ է կատարվել մինչեւ 2014 թվականի օգոստոսի 3-ը Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներով ձերբակալություններին:
Զեկույցում քաղբանտարկյալների կարգավիճակը որոշվել է ԵԽ ԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 բանաձեւում ներկայացված չափանիշներով: Ցուցակում նշված են 97 լրագրողների եւ բլոգերների, իրավապաշտպանների, երիտասարդ ակտիվիստների, ընդդիմադիր ակտիվիստների, հավատացյալ ակտվիստների հետ 11 փաստաբանների անուններ, որոնք Ադրբեջանում ձերբակալվել կամ արդեն դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով:
Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար: