Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Դավութօղլուն նախ խոսել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին' մեջբերելով չարչրկված միտքն այն մասին, թե Արցախը պետք է «վերադարձվի» Ադրբեջանին: Այս հարցում նոր վարչապետը խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել «կրտսեր եղբորը»:

 

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին' Դավութօղլուն նշել է, թե Թուրքիան «շարունակելու է քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար»: Հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պետության որդեգրած նոր քաղաքականությանը' Թուրքիայի վարչապետը կոչ է արել հայաստանյան իշխանություններին շարժվել «արդար հիշողությամբ և թշնամանք չքաղել պատմությունից»: