Հայաստանի եզդիները անվստահություն են հայտնում Իրաքում եզդիներին օգնելու պարտավորվածություն ստանձնած քրդերին: Այն մասին սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեցին «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին, ովքեր վերջերս վերադարձել են Թուրքիայում գտնվող եզդի փախստականների ճամբարներից:

 

«Երեկ միջադեպ եղավ Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների և եզդիների միջև: Քրդերը փորձել էին իրենց կուսակցության դրոշը բարձրացնել եզդիական սրբավայրի վրա, սակայն եզդիները պահանջել էին դա չանել, քանի որ սրբավայրը պետական կառույց չէ: Ի պատասխան քրդերը երեկ փակել էին Թուրքիայի հետ սահմանի վրա գտնվող ճանապարհը, որով ռազմական օգնություն էր հասնում քրդական ջոկատներին»,- ասաց Սաշիկ Սուլթանյանը:

 

Նա հավելեց, որ հստակ քաղաքականություն է վարվում Թուրքիայի եզդիներին օգնող քրդերի կողմից , և այն պահին, երբ Թուրքիայի քրդերին ձեռնտու չի լինի օգնել եզդիներին, նրանք կդադարեցնեն իրենց օգնույթունը:

 

«Քրդական զորքերը, որոնք ստանձնել են եզդիների պաշտպանությունը Իրաքում, քաշվում են հետ. եթե քրդական կառավարությունը խոստումներ չտար, ապա հնարավոր է, որ եզդիները ավելի արագ կկարողանային կազմակերպել աշխարազոր, պաշտպանել իրենց և կանխել ցեղասպանությունը»,- հավաստեց Բորիս Մուրազին:

 

Երիտասարդները լրագրողներին պատմեցին, որ տեղահանված մարդիկ տեղեկացրել են իրենց, որ նպատակ չունեն դեռ վեադառնալու, քանի որ իրենց բնակավայրերը շրջապատված են ծայրահեղական իսլամիստներով, և իրենք չեն բացառում պատերազմի ավարտից որոշակի ժամանակ անց դաժանությունների վերսկսումը: Նրանց խոսքով' Թուրքիայում գտնվող ճամբարներում կային ընտանիքներ, որոնց, օրինակ, քառասուն անդամներից միայն մի քանիսն են կենդանի մնացել:

 

Բորիս Մուրազին հավելեց, որ փախստականներից մեկը տեղեկացրել էր իրենց, որ նախկինում եզդիաբնակ տարածքներում տասը տոկոս կազմող արաբ և քուրդ բնակչությունը միանում է ԻԼԻՊ-ի զորքին, և իր հարևանը զանգահարել է այդ մարդուն ու ասել, որ արդեն գտնվում է իր տանը և վայելում նրա ունեցվացքը:

 

Վերջին երկու ամիսների ընթացքում ԻԼԻՊ-ի կողմից Հյուսիսային Իրաքում իրականացվող դաժանությունների արդյուքնում այսօր Շանգալի եզդիաբնակ տարածքները համարյա լիովին դատարկվել են, որտեղ ժամանակին բնակվում էր ավելի քան 600 հազար մարդ: Տեղի բնակչությունը տեղափոխվել է Թուրքիա, Սիրիա և մի շարք եվրոպական երկրներ:

 

Իրաքում մարտնչող իսլամիստ ծայրահեղականների մեջ ներգրավված են իսլամադավան ծայրահեղական սունիներ, որոնցից մեջ կան ինչպես ազգությամբ արաբներ և քրդեր, այնպես էլ ադրբեջանցիներ, դաղստանցիներ, և շատ մեծ է կովկասյան տարածաշրջանից գնացածների թիվը: