Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում տեղի ունեցող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, Ադրբեջանի նախագահը միջազգային հարթակը հերթական անգամ օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական զեղծարարությունը և ստերը բարձրաձայնելու համար' անտեսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած «ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը»:

 

Ալիևը կրկին մեջբերել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը' պնդելով, որ դրանք պետք է անհապաղ կյանքի կոչվեն: Նա մեղադրել է Հայաստանին' «ՄԱԿ-ի բանաձևերը չկատարելու մեջ»' համոզմունք հայտնելով, որ «հակամարտությունը պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի նորմերի համապատասխան և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:

 

Սեպտեմբերի 4-ին Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել ելույթով: Հանրապետության նախագահն ընդգծել էր, որ Հայաստանում լավ գիտեն թե' անվտանգության, թե' խաղաղության գինը։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրանց համար մեր երկիրն ստիպված է պայքարել գրեթե ամեն օր: «Վաղն այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա'մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ' ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա'մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։

 

Կա'մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա'մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը: