Գյումրու դպրոցներից մեկը փորձում է վերականգնել դպրոցական համազգեստի բարի ավանդույթը: Խայտաբղետ ու մոդայիկ հագուստների փոխարեն Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները այսուհետ դպրոց կհաճախեն միանման համազգեստներով: Դպրոցներում համազգեստի ներդրման հարցը շատ անգամ է բարձրացվել, շատ դպրոցներ էլ փորձել ու փորձում են խորհրդային տարիների այդ ավանդույթը վերականգնել:
Դա շատերի կարծիքով լուծում է և՛ սոցիալական խնդիրը, և՛ երեխաների ուշադրությունը սևեռում միայն դասերի վրա: Ցավոք, շատ դեպքերում այդ համազգեստը երեխաները կրում են լավագույն դեպքում 2 ամիս, որից հետո կրկին այն, ինչ առաջարկում է շուկան, շատ դեպքերում' անճաշակ ու դպրոցականի համար ոչ հարիր: Անշուշտ, խոսքը խորհրդային տարիների գորշ ու հոգնեցնող միագույն համազգեստների մասին չէ, այլ ինչ–որ տեղ ժամանակակից նորաձևության միտումները և երեխաների նախասիրությունները հաշվի առնող, բայց ոչ «երեկոյան» կամ փողոցին հարմար:
Համազգեստի «վերադարձը» դպրոց քննարկվել է նաև ՌԴ-ում և այնտեղ արդեն շատ դպրոցներ կրում են համազգեստներ այնպես, ինչպես օրինակ ԱՄն-ում, կամ եվրոպական շատ երկրներում: «Միանման համազգեստ ունենալու գաղափարը տնօրենինն էր, ես էլ այն փոխանցեցի ծնողներին, բոլոր՝ ծնողներն էլ սիրով ընդունեցին այդ առաջարկը, և մենք սկսեցինք մեր «որոնողական» աշխատանքը՝ նախ ընտրեցինք կտորը, ապա գտանք դերձակներ, ողջ գործընթացին մասնակցել են ծնողները:
Ի դեպ, աղջիկների համար կարվել է կիսաշրջազգեստ և ժիլետ, իսկ տղաների՝ տաբատ և ժիլետ, իսկ վերնաշապիկները ու ժակետները պատվիրվել են: Համազգեստն ունի նաև փողկապ: Չորս կտորի համար աղջիկների ծնողները վճարել են 15 հազար դրամ, իսկ տղաներինը' 17, ինչը մատչելի էր: Ծնողներն էլ սիրով համաձայնեցին, և շատ լավ ստացվեց:
Դպրոցականներն էլ սիրով ու ոգևորությամբ հագնում են: Նրանք չեն ընկճվում, որ դասընկերոջ հագուստն ավելի լավն է, կամ մոդայիկ, քան իրենը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց դասվար Հասմիկ Գևորգյանը՝ վստահեցնելով, որ այս գաղափարը դասարանը կփորձի տանել մինչև վերջ՝ կիրառելով նաև բարձր դա սարաններում:
Արմենուհի Մխոյան