Երկու տասնամյակ առաջ բնակչությունը կտրուկ հեռացավ գրականությոնից, սակայն վերջին տարիներին նկատելի է գրասեր երեխաների քանակի աճ: Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը:

 

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում գործում են մոտ հազար գրադարաններ, որոնց մի մասը պետական են, մյուսը ենթարկվում են տեղական ինքնակառավարման մարմիններին: Այդ գրադարաններից, որտեղ կա մոտ քսան միլիոն գրականույթուն, ընդհանուր առմամբ օգտվում է կես միլիոն ընթերցող:

 

«Պետք է ասեմ, որ Հայաստանում միայն սահմանափակ թվով գրադարաններ կան, որոնք ունեն հնարավորություն ըստ արժանվույն ընդունել ընթերցողներին, որտեղ կան հարմարավետ պայմաններ, լավ ֆոնդ, տեխնիկապես հագեցվածություն: Դրանք հիմնականում Երևանում են գտնվում, իսկ մարզային տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա գրադարանները ոչ բարվոք վիճակում են:

 

Օրինակ, շատ գյուղերի գրադարաններ չեն համալրվում նոր տպագրած գրքերով, չեն ստանում պարբերական մամուլ, չունեն համակարգչային բազա և այդ պատճառով դադարում են լինել գրավիչ ընթերցողի համար», - ասաց Մադլեն Հովսեփյանը:

 

Խոսելով դպրոցական գրադարանների մասին՝ Մադլեն Հովսեփյանը հավելեց, որ դրանք նույնպես շատ վատ են համալրվում: Իսկ այսօրվա եղեխաների պահանջներն ավելին են, քան մեծահասակները կարող են կարծել:

 

Հայկական գրադարանային ասոցիացիան գործում է 1994 թ., որի նպատակն է Հայաստանում բարելավել գրադարանային գործը, նպաստել գրադարանային աշխատանքների խթանմանը և մասնագիտական աճին: