Թուրքիայի վարչապետ Ա. Դավութօղլուն հայտարարել է, որ նուրսիստների կրոնական հոսանքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության նկատմամբ հետաքննությունը թույլ է տվել հավաքել անհրաժեշտ քանակությամբ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պահանջել արտահանձնել կամ արտաքսել նրան ԱՄՆ-ից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

«Եթե փորձեր են արվում դրսից ազդել Թուրքիայի քաղաքական դաշտի վրա, ապա մենք միանշանակ իրավունք ունենք փորձեր ձեռնարկել դրանք կանխելու համար», ասել է Դավութօղլուն Կոնիայում լրագրողների հետ զրույցում:

 

Նրա խոսքով' Փենսիլվանիայի նահանգում բնակվող Ֆ.Գյուլենի եւ Թուրքիայում իշխանությունը փոխելու ապօրինի փորձերի միջեւ կապն ակնհայտ է: Դավութօղլուն ասել է, որ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտահանձնելու կամ արտաքսելու պահանջով Անկարան պաշտոնապես հանդես կգա Թուրքիայում նրա դեմ բացված իրավական գործընթացի ավարտից հետո:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ֆ.Գյուլենին թուրքական կողմին հանձնելու խնդրանքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային' Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ:

 

Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ-ում բնակվում է 1999 թվականից: Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցիկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, որի պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ եւ բնակություն հաստատել Փենսիլվանիայի նահանգում: Վերջին շրջանում թուրքական իշխանությունները առճակատման մեջ են գյուլենական ուժերի հետ եւ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկող եւ պառակտող գործունեություն ծավալելու մեջ: