Ադրբեջանական գերությունից ազատվելուց հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործով հայցը նրա ընտանիքի անդամները «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ ուղարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

 

 

«Այո, ուղարկվել է: Ամեն ինչ ընթանում է իր հունով, մենք ուղղակի պետք է տեսնենք, թե երբ կլինի դատարանի կողմից ընդունումը և երբ կսկսվի գործընթացը, ինչպես գիտեք, այն բավականին երկար ժամանակ է պահանջում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը' հավելելով, որ ներկայում իրենք սպասում են ՄԻԵԴ-ի կողմից որոշակի հարցերի, որոնց պետք է տալ պատշաճ պատասխաններ:

 

 

Նա նաև նշեց, որ նման իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ աշխատում են' տրամադրելով ոչ միայն իրավական խորհրդատվություն, այլև աջակցում են սոցիալական, առողջապահական հարցեր առաջանալու դեպքում:

 

 

Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը 2014 թվականի հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը ու հայտնվել ադրբեջանական կողմում: Մամիկոն Խոջոյանն ուներ որոշակի հոգեկան խնդիրներ ու ապրում էր միայնակ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ' նա իբր եղել է «զինված դիվերսանտ»:

 

Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին: Տարածված վարկածին, թե իբր Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է կամ նրանց ուղեկցող, չէին հավատում անգամ Բաքվում: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնևյան կոնվենցիան:

 

Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Գերությունից վերադառնալուց մի քանի ամիս անց Մամիկոն Խոջոյանը մահացավ' այդպես էլ չվերականգնվելով գերության ժամանակ կրած խոշտանգումներից: