ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի համար Արցախի իշխանությունների կողմից անչափահաս ադրբեջանցի գերուն հանձնելու որոշումը զարմանալի չէ: Նրա խոսքով' թե Արցախի, թե Հայաստանի իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ստորագրած միջազգային պայմանագրերին, տվյալ դեպքում ժնևյան կոնվեցիաներին:
«Անկախ իշխանափոխություններից, որ տեղի է ունեցել այստեղ ու այնտեղ, 1992 թվականից անհնարինն է արվել, որ պահպանվեն այդ նորմերը: Ես ոչ միայն ողջունում եմ, այլև նորմալ եմ համարում Արցախի իշխանությունների քայլը, այսինքն'դա իմ մոտ զարմանք չի առաջացնում: Արցախը միշտ հավատարիմ է եղել այդ մոտեցմանը, տվյալ դեպքում, մանավանդ անչափահաս է, որի հանդեպ, ըստ երևույթին չկան կասկածներ, թե նա եկել է թշնամական գործողություններ իրականացնելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Լարիսա Ալավերդյանը:
Նա Արցախի իշխանությունների' գերուն հանձնալու որոշումը համարում է միակողմանի բարի կամքի դրսևորում: «Արցախը կատարում է Ժնևյան կոնվենցիաներով սահմանված նորմը, անձին վերադարձնել իր հայրենիք, որը միակողմանի բարի կամքի դրսևորում է, չպետք է ակնկալել, որ դա արվում է ինչ-ինչ ակնկալիքներով, դա արվում է համաձայն Ժնևյան կոնվենցիաների պահանջների, Արցախի բարի կամքի ու վերջապես համաձայն մեր համոզմունքների»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հայտարարություն է տարածել, որում ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչիչ: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին»: ԿԽՄԿ պատվիրակներն արդեն այցելել են անչափահաս գերուն: