ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում ոչ պաշտոնական է եղել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը «Խոսքի ազատություն» հաղորդման շրջանակներում:

 

«Այս հանդիպումը դեռևս չունի արդյունքներ, քանի որ այն ոչ պաշտոնական է եղել: Դա տեսակետների փոխանակման հանդիպում էր: Ես հեռախոսազրույց եմ ունեցել մասնակիցների հետ, որից պարզ դարձավ, որ այս հանդիպման բոլոր մասնակիցների սկզբունքն էր չքննարկել ոչ մի հարց, նույնիսկ մանրամասներ՝ առանց Ուկրաինայի իշխանության առաջնորդների մասնակցության»,- Կլիմկինի խոսքն է մեջբերում Ուկրաինական РБК հեռուստաալիքը:

 

Նա նշել է, որ Դոնբասի իրավիճակի քննարկման հարցով արդեն որոշակի ձևաչափեր են մշակվել: «Առանց մեր մասնակցության, մեր հարցը ոչ ոք չի քննարկելու: Ես դա խոստանում եմ»,- ասել է նախարարը:

 

Հիշեցնենք, որ Փարիզում տեղի է ունեցել Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումն Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման հարցով: Քննարկման արդյունքները դեռևս հայտնի չեն: