Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ հանդիպում գլխավոր վարչության և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի քաղացիական ավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարան-ինստիտուտի պատվիրակությունների միջև:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՔԱԳՎ մամլո ծառայությունից, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելուց հետո գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը և ուսումնարան-ինստիտուտի ռեկտոր Սերգեյ Կրասնովը ստորագրեցին երկու կազմակերպությունների միջև համագործության հուշագիր:
Վերջինով նախատեսվում է ընդլայնել երկուստեք համագործակցությունը կադրերի պատրաստման, կրթական գործընթացի որակի բարելավման համատեղ աշխատանքների կազմակերպման, համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման, միջազգային մակարդակի մասնագիտական միջոցառումների կազմակերպման և այլ առումներով:
2011 թվականից տարեկան Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացի ուսանում են Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարան-ինստիտուտում, ինչը մեծ ավանդ է Հայաստանի Հանրապետության օդաչուական կադրերի պատրաստման և թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման գործում:
Ելնելով համագործակցության արդյունքներից, Արտյոմ Մովսեսյանը միջոցառմնան ավարտին Սերգեյ Կրասնովին պարգևատրեց «Ավիացիայի ոլորտում նշանակալի ներդրման համար» մեդալով, իսկ պատվիրակության անդամներին՝ շնորհակալագրով: