Անցած շաբաթ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար հետևից հանդես եկան հարցազրույցներով: Տեր-Պետրոսյանը ևս մեկ հարցազրույց էր տվել անցած տարեվերջին: Թեև երկու նախկին նախագահներն էլ իրենց հարցազրույցներում բազմանշանակ ու ենթատեքստեր պարունակող մի շարք հայտարարություններ էին արել, բայց դրանց հիմնական, գոնե ընթացիկ քաղաքական իրադարձությանը վերաբերող ասելիքը մեկն էր' իրենք չեն առաջադրվում առաջիկա նախագահական ընտրություններում: Ե՛վ Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան հարցազրույցից, և՛ Քոչարյանի հայտարարություններից հետո շատերը դրանք վերլուծելով ընդհանուր քաղաքական համատեքստում՝ արձանագրեցին.

Անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից, անկախ իրար նկատմամբ ատելությունից կամ իրար մեջ եղած անհամաձայնություններից, Լևոն-Տեր Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց չառաջադրմամբ փաստացի Սերժ Սարգսյանին նվիրեցին նախագահության երկրորդ ժամկետում հեշտությամբ վերընտրվելու հնարավորությունը: Ընդ որում, նախկին երկու նախագահների հարցազրույցներում, թեև Ս. Սարգսյանի իշխանությանն ուղղված անուղղակի քննադատություն, որոշակի որակումներ կային, սակայն անձամբ նրա հասցեին որևէ բացասական խոսք ասված չէր:

Չնայած ՀՀԿ-ական ամենատարբեր տրամաչափի գործիչներ անդրադարձել են նախկին նախագահների հարցազրույցներին, բայց տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի այս հայտարարություններին, ընդհանրապես նրանց «գործընկերային ժեստին» Սերժ Սարգսյանն անձամբ չէր արձագանքել: Սակայն Ս. Սարգսյանն' առաջին հայացքից քաղաքականության հետ որևէ կապ չունեցող այսօրվա հայտարարությամբ, պատասխանել է նախկին նախագահներին: «Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ է և գիտություն: Շախմատը զուգորդում է հաղթանակի ձգտումն ու կամքը՝ մի կողմից, և անվրեպ ուշադրությունը մանրուքների հանդեպ՝ մյուս կողմից: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու երկարաժամկետ հաշվարկի մշակույթ: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը»,- այսօր Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ս. Սարգսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, շախմատի սիրահար է, ինչպես առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը:

Ընդ որում, երկուսն էլ քաղաքականության մեջ մեծ մասամբ գործել ու գործում են շախմատային խաղի տրամաբանությամբ: Հայտնի է նաև, որ շախմատի նկատմամբ առանձնապես մեծ սեր չունի որսի և բասկետբոլի երկրպագու Ռոբերտ Քոչարյանը, ով իր հարցազրույցներից մեկում անգամ արտահայտվել էր այդ մասին: Բայց անկախ դրանից, Ս. Սարգսյանի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև նրան: Այսինքն' շախմատային լեզվով Ս. Սարգսյանն այսօր, ըստ էության, շնորհակալություն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ նախագահական ընտրություններում իրեն չխանգարելու համար: