Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի մի շարք տոնավաճառների մի քանի հարյուր աշխատակիցներ, առևտրականներ:

 

Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ:

 

Ուժի մեջ մտնող նոր օրենքով՝ հաշիվ-ապրանքագիր չներկայացնելու դեպքում տուգանք է սահմանվում: 1-ին անգամ՝ նախազգուշացում, 2-րդ անգամ՝ 20 հազար դրամի չափով տուգանք, 3-րդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

 

«Այդ օրենքը մեզ վնասելու է, եթե մենք չունենք առևտուր, իրենց ընդունած օրենքներն ի վնաս ժողովրդի է: Իրենց սենյակներում նստած կնոպկա են սեղմում, հասարակ ժողովրդին հասցնում են ճգնաժամի»,- ասաց մասնակիցներից մեկը:

 

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց, ըստ նրանց, վարչապետի պատասխանը գոհացուցիչ չի եղել, քանի որ առաջարկվել է իրենց բողոքը գրավոր ներկայացնել: Վարչապետի պատասխանից վրդովված մասնակիցները փակեցին Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ ճանապարհը:

 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով հորդորեց բացել ճանապարհը, այնուհետև ոստիկանները՝ շղթա կազմելով, ցուցարարներին հեռացրին երթևեկելի հատվածից:

 

Նշենք, որ ներկա էին Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Կենտրոնի ոստիկանապետը, ոստիկանության պետի տեղակալը:

 

Վարչապետի պատասխանից դժգոհ քաղաքացիներն անդադար գոռում էին «Ամո՛թ, ամո՛թ վարչապետին»:

 

Լուսանկարը՝ Hetq.am