Հայաստանի Հանրապետական կուսակցության համար կառավարման գործող կիսանախագահական համակարգը ձեռնտու է՝ ելնելով նեղ կուսակցական շահերից, սակայն ՀՀԿ-ում, համապետական շահերից ելնելով, գտնում են, որ այժմ քաղաքական կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել:

 

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է բացատրում իր կուսակիցների կարճ հիշողությունը, որ ընդամենը մեկ տարի առաջ խիստ քննադատում և անգամ վտանգավոր էին համարում կառավարման խորհրդարանական համակարգը, իսկ այսօր նույն եռանդով հակառակն են պնդում:

 

«Համապետական շահերից ելնելով՝ մենք գտնում ենք, որ այժմ քաղաքական կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել: Մենք ոչ թե գտնում ենք, որ դա այն բանաձևն է, որը սպառիչ կերպով բավարարում է ՀՀԿ-ին, այլ սպառիչ ձևով բավարարում է մեր հասարակությանը և քաղաքական ուժերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ նախագահը:

 

Նրա խոսքով՝ այսօր իշխանությունները ոչ թե մտածում են կառավարման չինովնիկական պրոցեսներով առաջ գնալու, այլ այն մասին, որ քաղաքական համակարգն ինքը կարողանա կառավարման մաս դառնալ: «Այս տեսակետից' մենք ինքնազսպման մեխանիզմներով գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը: